Վիգեն Սարգսյան. Երաշխավորելու ենք հավասար իրավունքներ և հնարավորություններ կին-զինծառայողների համար
«Շուշիից 17-ամյա Արսեն Շումանյանը մանկուց երազել է զինվորական դառնալ: Դա օրինաչափ է, քանի որ նա «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, հակառակորդի ահ ու սարսափ Լավրենտի Շումանյանի զավակն է»,-այս մասին Բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթում նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ ավանդույթները և ընտանեկան դաստիարակությունը, իրոք, մեծ դեր են խաղում մասնագիտության ընտրության մեջ: Բայց վերջնարդյունքին հասնելու համար ոչ պակաս կարևոր է որակյալ կրթությունը:
«Պաշտպանության նախարարությունն Արսենին և հազարավոր պատանիների մրցութային կարգով հնարավորություն է տալիս իրականացնելու երազանքը` անվճար ուսում ստանալ տարածաշրջանի լավագույն կրթահամալիրում` Արսենի հոր մարտական ընկերոջ, Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմամարզական վարժարանում: Արսե՛ն, վստահ եմ, որ դու նույնքան հպարտ ես՝ մոնթեականի պատվաբեր ուսադիրները կրելով, որքան մենք ենք ոգևորված քո փայլուն առաջադիմությամբ, աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ»,-ասել է իր ելույթում:
Նախարարի խոսքով, Իզմիրլյան ընտանիքի խոշոր նվիրաբերությամբ արդեն այս տարի կմեկնարկի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցումը: Ոչ հեռավոր ապագայում մեր շարքերը համալրվելու են քաղաքացիական բուհերում սովորող և «Պատիվ ունեմ» ծրագիրն ընտրած երիտասարդ սպաներով, և մեր բանակը ստանալու է նոր լիցք` բարձրացնելով իր մարտունակությունը:
«Ու թեև զինվորական մասնագիտությունը համարվում է տղամարդու գործ, հայ աղջիկները ևս տեսնում են այդ ոլորտում իրենց դրսևորելու հնարավորություն: Նաիրա Արշակյանը` Շիրակի մարզից, ռազմական համալսարանի լավագույն կուրսանտներից է, արդեն ունի երեք պարաշյուտային թռիչք: Նա մասնագիտությունն ընտրել է՝ հետևելով եղբոր` մարտկոցի հրամանատար, կապիտան Վազգեն Արշակյանի օրինակին, որոշել է դառնալ եղբոր մարտական ընկերը, ընտրել է շատ բարդ մասնագիտացում, և վստահ եմ՝ հաջողության է հասնելու: Նաիրա´, Դուք և մեր մայրերը, կանայք, քույրերն ու աղջիկները գիտեք, որ հայ տղամարդը երբեք չի վարանի պաշտպանել հայրենիքը հակառակորդի ոտնձգությունից:
Բայց ուզում եմ, որ նույնչափ վստահ լինեք, որ եթե ընտրել եք զինվորականի մասնագիտությունը, մենք երաշխավորելու ենք հավասար իրավունքներ և հնարավորություններ կին-զինծառայողների համար:
Առհասարակ, մենք շարունակելու ենք անել ամեն ինչ` բանակի հետ հետադարձ կապն ուժեղացնելու, զինվորի և իր ընտանիքի շփումը հեշտացնելու, բանակում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ապահովելու համար: Բանակի թեժ գիծը, «Դիտակետ» հարցումների ծրագիրը, բաց շփումը մամուլի և քաղաքացիական հասարակության հետ օգնելու են մեզ հասնել այդ նպատակին»,-նշել է նա: