Կասպշիկի գրասենյակի ընդլայնումը կարող է նպաստավոր լինել լարվածության նվազեցման գործում. Նալբանդյան
Հայաստանը միշտ կողմ է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դա հակամարտության գոտում ներկա միակ միջազգային կառույցն է, որ դիտորդական առաքելություն է իրականացնում: Եթե ավելացվի դիտորդական առաքելությունների թե քանակը, թե արդյունավետությունը, ապա դա կարող է նպաստավոր լինել լարվածության նվազեցման գործում: Դա կարող է նպաստել նաև 1994-1995 թվականին ձեռք բերված համաձայնությունների կատարմանը», - նշեց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները հնարավոր չեղավ ընդլայնել Ադրբեջանի առաջ քաշած բազմաթիվ խոչընդոտների պատճառով, մինչդեռ հայկական կողմը լիազորությունների ընդլայնմանը համաձայնություն էր տվել:
Արտգործնախարարն հիշեցրեց նաև, որ Կրակովյան վերջին հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել մեկ քայլ առաջ անել` Կասպշիկի անձնակազմը ավելացնելով 7 հոգով:
«Ադրբեջանը միշտ այդ հանդիպումներից հետո ստեղծագործ հայտարարություններ է անում, սակայն այս համաձայնության մասին դեռ լռում է, որևէ բան չի ասել: Այդ մասին հայտարարել են Հայաստանը և եռանախագահները: Հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունը կիրագործվի, և ադրբեջանական կողմը հետ քայլ չի անի», - ասաց նա:
Ինչ վերաբերում է հետաքննությունների մեխանիզմի ներդրմանը, Էդվարդ Նալբանդյանը նկատեց՝ կողմերը բազմաթիվ անգամ եկել են ըմբռնման, որ այդ կառույցը պետք է ստեղծվի, սակայն Ադրբեջանը կրկին հետ էր կանգնել պայմանավորվածություններիկց:
«Եռանախագահող երկրներն առնվազն երկու անգամ ասել են, որ Հայաստանը տվել է իր համաձայնությունը, և իրենք սպասում են, որ մեխանիզմին համաձայնություն կտա նաև Ադրբեջանը: Այդ հարցը մնում է օրակարգում, որովհետև դա կարևոր գործիք կարողէ հանդիսանալ ոչ միայն սահմանային միջադեպերի հետաքննության իմաստով, այլև լարվածության նվազեցման իմասով»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին