Կատյա Գալստյան. Ներքին համոզմունք ունեի, որ ես եմ մեկնելու Փհենչհան-2018
Դահուկավազորդ Կատյա Գալստյանը Փհենչհան-2018-ում Հայաստանի օլիմպիական ընտանիքի անդամներից մեկն է: 25-ամյա մարզիկը երկրորդ անգամ պետք է մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին: Նրա առաջին մեկնարկը Խաղերում եղել է 2014 թվականին, Սոչիում:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Գալստյանը հանդես է գալու 10 կմ ազատ ոճ մրցաձևում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Կատյան պատմել է, թե ինչպես է պատրաստվում օլիմպիական խաղերին:
«Ֆինլանդիայի ուսումնամարզական հավաքից վերադառնալուց ես լավ միավորներ ունեի՝ 151 (դահուկասպորտում նվազող համակարգ է,- խմբ): Հայաստանի առաջնությունում հաղթելու շնորհիվ ինձ հաջողվեց նորից նվազեցնել միավորներս: Ներքին համոզմունք ունեի, որ Փհենչհան-2018-ի մասնակիցներից մեկն եմ լինելու: Բայց, իհարկե, այդ մասին չէի խոսում, մինչև ֆեդերացիան պաշտոնապես չհրապարակեր անունները:
Նախորդ օլիմպիական խաղերից մեծ փորձ եմ կուտակել: Այս անգամ ավելի լավ եմ պատրաստվել, Ֆինլանդիայում մեծ աշխատանք ենք կատարել: Այժմ էլ շարունակում եմ մարզումներս:
Բավականին լավ մարզավիճակում եմ: Կփորձեմ ավելի լավ ներկայանալ և բարելավել արդյունքս: Մրցանակային տեղերին չեմ հավակնում, պայքարը շատ մեծ և ուժեղ է: Տարիների աշխատանք է հարկավոր այդ մակարդակին հասնելու համար:
Մրցումների ժամանակ հնարավորինս փորձում եմ կենտրոնանալ և չմտածել այլ բաների մասին: Իհարկե մեկնարկի ժամանակ լարվածություն լինում է, բայց մրցուղում ավելի հանգիստ եմ ինձ զգում: Մրցումներից առաջ հաճախ երաժշտություն եմ լսում»,- ասել է Կատյա Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները
- Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից
- Փհենչհան-2018. Հարավային Կորեայում օլիմպիական եռուզեռ է