Վիգեն Սարգսյան. Այս տարի կմեկնարկի սպայական անձնակազմի համար գերմատչելի բնակարանների հիփոթեքային ծրագիրը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ընդհանուր առմամբ ավելի քան 400 միլիոն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք: Առաջիկա տարիներին այդ ընտանիքներին կփոխանցվի ավելի քան 2 մլրդ դրամ: Այս մասին Բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթում նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դա այն նվազագույնն է, որ մենք պարզապես պարտավոր էինք անել»,-ասել է նախարարն ու ավելացրել. «Պարտավոր էինք նաև իրական քայլեր կատարել զոհվածների և հաշմանդամների ընտանիքների բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ: 9 ամսվա ընթացքում մենք կատարեցինք Հանրապետության Նախագահի հանձնարարականը և ամբողջությամբ լուծեցինք հերթագրված 1-ին կարգի զինհաշմանդամների անօթևան և բարելավման կարիք ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման խնդիրը: Այս տարի շարունակելու ենք ծրագիրը 2-րդ կարգի զինհաշմանդամների համար»:
Վ. Սարգսյանը նշել է, որ տոնական այս օրերին Երևանում շահագործման են հանձնելու բնակելի շենք զինծառայողների համար: Ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը:
«Նրանց մեջ է հրետանային դիվիզիոնի հրամանատար, զինված ուժերում 20 տարվա անթերի, այդ թվում երկար տարիներ առաջնագծում ծառայություն ունեցող փոխգնդապետ Հարությունյանը, նրա տիկինը` Գայանեն, և որդիները` Համլետն ու Հայկը: Թող ձեր նոր օջախում մշտապես թևածեն սերն ու համերաշխությունը: Սակայն 70 բնակարանը ակնհայտորեն անբավարար է հազարավոր սպաներ ունեցող բանակի համար: Նոր օրենսդրությամբ նախատեսված կարգով արդեն այս տարի կմեկնարկի սպայական անձնակազմի համար գերմատչելի բնակարանների հիփոթեքային ծրագիրը, որը թույլ կտա յուրաքանչյուր տարի լուծել մոտավորապես 500 սպայական ընտանիքի խնդիր:
Այնպես որ, սպայական մասնագիտությունն ընտրող երիտասարդը արդեն ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս վստահ կլինի, որ լուծված է իր ապագա ընտանիքի սոցիալական կարևորագույն հարցը»,-ասել է պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին