
Հայտնի է՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը շահարկում ՌԴ- կողմից իրեն զենք մատակարարելու հարցը. Նալբանդյան
Հայտնի է, թե ինչ պատճառներով է Ադրբեջանը հատուկ շեշտադրումներով շահարկում Ռուսաստանի կողմից իրեն զենք մատակարարելու հարցը: Հայաստանն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի՝ ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերություններից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«2010 թվականին ստորագրվեց այսպես կոչված հինգերորդ արձանագրությունը՝ կից այն պայմանագրին, որը վերաբերում էր ռուսական բազայի ներկայությանը ՀՀ տարածքում: Այդ արձանագրությամբ որշ փոփոխություններ մտցվեցին հիմնական փաստաթղթի մեջ, որոնք վերաբերվում էին նրան, որ ՀՀ զինված ուժերի հետ միասին՝ Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել մեր անվտանգության դերակատարությունը և պարտավորությունը՝ Հայաստանին տրամադրել ժամանակակից զենք և սպառազինություն»,- ասաց նախարարը:
Նալբանդյանի խոսքով, ակնհայտ է, որ Ռուսաստանը կայունացնող դերակատարություն ունի անվտանգության պահպանման գործում՝ ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, այլ նաև որպես տարածաշրջանային կարևոր գործոն: