Ադրբեջանական բանտերում ողջ հայ ռազմագերիներ կան.Ռոման Բալայան
Հստակ տվյալներ կան, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմագերի ընկած շատ հայորդիներ ողջ են, գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն հակառակորդը չի ցանկանում նրանց վերադարձնել հայկական կողմին: Հարյուր տոկոսով ողջ մնացածներից մեկը Ռաֆայել Բալայանն է՝ Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից, նա այժմ մոտավորապես 50 տարեկան է, ադրբեջանական բանտում է 1992 թվականից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը՝ տեղեկացնելով, որ անգամ Կարմիր խաչն ի զորու չէ վերադարձնել հայ ռազմագերուն:
«Ռաֆայել Բալայանի երկու աղջիկներն ամուսնացած են, Հայաստանում են, որդին Ռուսաստանում է: Ես վստահ եմ՝ ադրբեջանական կողմը նրան չի էլ վերադարձնի: Իրենք անգամ մահացած մարդուն են անարգում, ուր մնաց՝ ողջ մարդուն հետ վերադարձնեն: Հակառակորդը արնախում է: Մինչդեռ հայկական կողմը հետ է վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ընթացքում գերի ընկածներին»,- շեշտեց բանախոսը:
Ռոման Բալայանի տեղեկացմամբ, այսօր խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 800 անհայտ կորածների մասին է՝ ինչպես Արցախից այնպես էլ Հայաստանից։
ՀՀ վետերանների միության փոխնախագահը նաև ընդգծեց, որ ԼՂՀ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանը գիշեր-ցերեկ ջանք չի խնայում, որ անհայտ կորածների թեկուզ մասունքները բերվեն հայրենիք՝ այստեղ հանգչելու:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին ցուցաբերվող օգնության թեմային՝ Ռոման Բալայանը նշեց, որ նրանք մշտապես ուշադրության և հոգածության կենտրոնում են: Անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվում է նաև ապրիլյան պատերազմի՝ արտերկրում բնակվող երկու ընտանիքներին:
Վերջում բանախոսը հիշեցրեց՝ Արցախյան պատերազմում 23 կին ազատամարտիկ է զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին