Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. Դիրկ Լորենց
«Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:
Նա միաժամանակ նշեց, որ ԵՄ-ն շատ լավ հասկանում է՝ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը. «Դա պետք է հաշվի առնել։ Ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ»:
Անդրադառնալով Ճապոնիայի երկրաշարժից տուժած «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ին՝ Դիրկ Լորենցն ասաց, որ Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո ԵՄ-ում գտնվող ատոմակայանների սթրես-թեստեր են անցկացվել, այդպիսին նաև իրականացրել է Հայաստանը։
Ըստ նրա՝ այժմ կարևոր է այդ թեստերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն, անել այն, ինչ հնարավոր է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը հայտնել էր, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից ներկայացվող միջազգային չափանիշներին: Ըստ նրա՝ տարվում են աշխատանքներ հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքի տևողությունը երկարացնելու ուղղությամբ:
Նշենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ռուսական կողմից 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ է ստացել Հայաստանը:
Հարակից հրապարակումներ`
- Շահագործումից դուրս է բերվում ոչ թե ատոմակայանը, այլ առաջին էներգաբլոկը. Վահրամ Պետրոսյան
- Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան
- Նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ․ Դավիթ Հարությունյան
- 2018թ. ընթացքում ՀԱԷԿ-ում նախատեսված աշխատանքների իրականացման համար կներգրավվի ավելի քան 600 աշխատող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին