ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստանձնած բարեփոխումները լիովին համատեղելի են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ. Դիրկ Լորենց
Երևանում այսօր մեկնարկել է Էներգետիկայի, տրանպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության Հայաստան-Եվրամիություն ենթակոմիտեի 5-րդ նիստը:
Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը նշեց, որ քննարկելու են նշված բնագավառներում Հայաստան-Եվրամիություն զարգացումները և հետագա անելիքները:
Ըստ նրա՝ նիստը կարևոր է նրանով, որ այն հաջորդում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրմանը:
«Մենք քննարկելու ենք, թե ինչպես ենք կյանքի կոչելու այդ համաձայնագիրը: Մասնավորապես, պետք է անդրադառնանք էնեգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հետ կապված հարցերին: Համաձայնագրով նախատեսված է, որ Հայաստանը ի կատար է ածելու ԵՄ օրենսդրական նորմերը վերոնշյալ ոլորտներն արդիականացնելու նպատակով: Դա անելու համար մենք ունենք տարբեր ժամկետներ՝ 2-5 տարի»,- ասաց Դիրկ Լորենցը:
Նրա խոսքերով՝ նպատակն է մոտակա ժամակահատվածում շոշափելի արդյունքներ տեսնել Հայաստանի քաղաքացիների համար, մասնավորապես՝ էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ճանապարհային անվտանգության բարելավման առումով, որպեսզի նվազի պատահարներից մահացող մարդկանց թիվը, ինչպես նաև բարելավվի տրանսպորտային կապը Հայաստանի ու Վրաստանի միջև, ապահովվի ավելի մաքուր շրջակա միջավայր, բարձրանա օդի և ջրի որակը, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը:
«Շատ երջանիկ եմ, որ ունենք այսպիսի համաձայնագիր, որում արտացոլված է բարեփոխումների նկատմամբ մեր երկուստեք հանձնառությունը: ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստանձնած բարեփոխումները լիովին համատեղելի են Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության հետ: Այսինքն՝ բոլորի համար հաղթանակած ու շահեկան իրավիճակ է: Այնուամենայնիվ շատ անելիքներ կան բիզնեսի ու ներդրումների համար՝ միջավայրի բարելավում ԵՄ-ից ավելի շատ ներդրումներ ներգրավելու նպատակով, արդյունավետ, հուսալի և անկախ դատական համակարգ, պայքար ընդդեմ կոռուպցիայի: Սակայն այսօր այստեղ ենք, որ ոչ միայն տեսությունը քննարկենք, այլ կոնկրետ քայլերը, թե ինչ պետք է անենք շոշափելիորեն իրավիճակը բարելավելու համար»,- ընդգծեց Դիրկ Լորենցը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ միայն էներգետիկայի ոլորտում առկա է 82 դիրեկտիվ, որ պետք է ընդունել ու համահունչ դարձնել ԵՄ օրենսդրությանը: «Դա ահռելի աշխատանք է, և այս հանդիպման նպատակն է հասկանալ առաջնահերթությունը թե մեր, թե Եվրամիության համար: Բացի այդ պետք է հասկանանք, թե ի՞նչ տիպի տեխնիկական աջակցություն է անհրաժեշտ Հայաստանին»,- ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր. Հայկ Հարությունյան
- Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. Դիրկ Լորենց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին