Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի պատմամշակութային հուշարձանները
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Աֆրին նահանգի Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այն Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից մեկն է:
Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։
Մանրամասներ չի հաղորդվում, թե ինչ վնաս է հասցվել ամրոցին: Նշվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներն էլ են նախկինում հարձակվել այդ պատմական ամրոցի վրա և զգալի վնաս պատճառել:
Աղբյուրը Թուրքիայի զինուժի գործողությունները նույնացնում է ԻՊ-ի զինյալների վայրագությունների հետ:
Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Ռազմագործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։