Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ. Արմեն Սարգսյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ։ Հանդիպումն ընթանում է դռնփակ ռեժիմով։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս են հրավիրել նիստերի դահլիճից։
Մինչ ԳԱԱ շենք մտնելը լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշեց, որ վերջին օրերն իր համար շատ լարված և հետաքրքիր հանդիպումների օրեր են։ Հարցին՝ կողմնորոշվե՞լ է ՀՀ հաջորդ նախագահի պարտականությունները ստանձնելու հարցում, վերջինս ասաց՝ երբ կողմնորոշվի, կհայտարարի այդ մասին։
Իսկ ի՞նչ կապ ունի Ամուլսարի շահագործումն իր անվան հետ, հարցին էլ ՀՀ նախագահի թեկնածուն պատասխանեց. «Բացարձակապես կապ չունի։ Կարող եք Google անել և տեսնել»։
Արմեն Սարգսյանը բազմաթիվ հարցերով իրեն դիմող լրագրողներին հորդորեց թույլ տալ՝ շարունակելու հանդիպումները, այնուհետ վերջնական որոշում կայացնել, ինչից հետո էլ լրատվամիջոցները կիմանան այդ մասին։
Լրագրողներից մեկը ՀՀ նախագահի թեկնածուից հետաքրքրվեց՝ որքա՞ն ժամանակով է վերադարձել Հայաստան։ «Ընդմիշտ»,- ընդգծեց վերջինս, ապա շարունակեց. «Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ։ Հետևաբար պատասխանս ճշգրիտ է՝ ընդմիշտ»։
Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս պետք է իր ընտանիքն ապրի Հայաստանում, եթե կինն ու որդիները հայտարարել են, որ Լոնդոնում իրենց լավ են զգում և իրենց համարում են անգլիացի, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ երկու տղաները և Բրիտանիայի քաղաքացի են, և Հայաստանի, հետևաբար հավասարաչափ լինելով Բրիտանիայի քաղաքացի՝ պետք է զգան և ապրեն որպես բրիտանացի, միաժամանակ լինելով Հայաստանի քաղաքացի՝ պետք է լինեն Հայաստանի քաղաքացի՝ դրանից հետևող բոլոր եզրակացություններով։ Եթե «Դեյլի մեյլի» հոդվածն մանրամասն կարդաք՝ անգլերենով, կհասկանաք, որ թարգմանությունը, որ դուք ունեք, այդպես չի հնչում։ Կինս ասել է, որ այո, իրենք բրիտանացի են զգում Բրիտանիայում ապրելով, բայց հպարտ հայեր են»։
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանին հարցեր ունեն տալու. «Ժամանակ»
- Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որ ներկայացված են ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանի՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումն ավարտվել է
- Արմեն Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ