Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում՝ անմոռուկով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշին։ Մակրոնը միջոցառմանը ներկայացել է Անմոռուկով ու ծավալուն ելույթ ունեցել:
Մակրոնը խոսել է նախորդ տարվա ապրիլի 24-ին Կոմիտասի արձանի մոտ ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության մասին, որին նա ներկա էր որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածու:
Մակրոնը մեջբերել է Կոմիտասի վերջին խոսքերը՝ «Հոգ տարեք երեխաների մասին»:
Մակրոնը նշել է, որ երբեք չպետք է մոռանալ 1915թ.-ի ապրիլ 24-ը՝ հայոց ցեղասպանության սկիզբը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Մակրոնը խոսել է Միսակ Մանուշյանի, Շառլ Ազնավուրի «Միգրանտները» երգի, Անրի Վեռնոյի ու նրա «Մայրիկ» ֆիլմի նշանակության մասին:
«Նրանք բոլորը Ֆրանսիայի դուստրերն ու որդիներն են: Մենք հասկացել ենք, թե ինչպիսի ներշնչում կարող է ունենալ Ֆրանսիան արտաքսվածների համար, մենք հասկացել ենք, թե ինչպիսի ուժ նրանք կարող են բերել Ֆրանսիային»,-ասել է Մակրոնը:
Մակրոնն իր խոսքում նշել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ը, կընդգրկվի Ֆրանսիայի օրացույցում, ինչը խոստացել էր այն ժամանակ, երբ նախագահի թեկնածու էր ու վերահաստատել է իր որոշումը:
«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այն հիշեցնում ենք հիշողության միջոցով՝ աջակցելով Հանրապետության օրացույցում Ցեղասպանության հիշատակման օրվա ընդգրկմանը»,-ասել է Մակրոնը:
Մակրոնը խոսել է նաև ցեղասպանության ժխտման քրեականացման մասին, նշելով, որ կարևոր է, որ Ազգային ժողովը հաջորդ ամիսներին կրկին անդրադառնա այս հարցին:
Նշենք, որ տարեկան ճաշին ներկա են եղել հայ համայնքի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Գարո Փալյանը, Պատրիկ Դևեջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում