
Արմեն Սարգսյան. Մեծահարուստ չեմ ծնվել, հորս էլ կորցրել եմ 10 տարեկանում
Մեծահարուստ չեմ ծնվել: Ապրել եմ, ինչպես`դուք, գուցե ապրել եմ ավելի ծանր մանկություն: Այս մասին Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։
«Մեծահարուստ չեմ ծնվել: Ապրել եմ, ինչպես`դուք, գուցե ապրել եմ ավելի ծանր մանկություն: Հորս կորցրել եմ 10 տարեկանում: Մայրս ինձ ու քրոջս պահելու համար աշխատել է երկու տեղ` առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը»,- պատմել է Արմեն Սարգսյանը։
Վերջինիս խոսքով, դեռ մանկուց ինչ ձեռքբերում, որ ունեցել է, հասել է իր աշխատանքի միջոցով. «Ինչին որ հասել եմ, հասել եմ իմ աշխատանքի միջոցով, դա միակ ձևն է, որ ես հասկանում եմ, և այն օրինակն է, որ ես ստացել եմ: Ես որևէ մեկից որևէ կապիտալ նվեր չեմ ստացել, կյանքիս տարբեր շրջաններում ապրել եմ դժվար, և ելքը գտել եմ աշխատելով, պայքարելով»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Խոսելով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշի մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հարցը բարեգործությամբ չի լուծվելու. «Չեմ կարծում, որ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելուն, աշխատատեղեր ստեղծելուն: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»,- նշել է Սարգսյանը։
Վերջինս հավելել է, որ իր անցած ճանապարհն իրեն ուղղակի թույլ չի տալու երբևէ որևէ մեկին արհամարհական վերաբերվել, անկախ նրանից ով է՝ հարուստ, թե աղքատ, ծեր, թե երիտասարդ։