Կոստանյանը սկզբունքորեն համաձայն չէ Զեյնալյանի առաջարկության հետ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Դատական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն առաջարկեց հրաժարվել դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումից:
«Դատավորները ճնշման տակ են գտնվում կարգապահական վարույթի պատճառով: Առաջարկում եմ հանել կարգապահական պատասխանատվությունը դատական ակտում օրենքի կիրառման համար, եթե կան հանցագործության հատկանիշներ, անարդար դատական ակտ է կայացրել, ապա դատավորը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,-ասաց «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:
Պատգամավորի խոսքով, ինքն ուսումնասիրել է այդ ոլորտը: Վերաքննիչ դատարանի երեք դատավորների նկատմամբ եղել է հարուցված կարգապահական վարույթ, ամենախիստ պատասխանատվության ենթարկվել է այն դատավորը, որը փորձել է պաշտպանվել՝ վկայակոչելով միջազգային նորմերը, ավելի մեղմ պատիժ են ստացել այն դատավորները, որոնք ընդունել են մեղքը:
Հարակից զեկուցող Գևորգ Կոստանյանը, արձագանքելով Զեյնալյանի առաջարկությանը, նկատեց, որ միջազգային շատ կառույցների ընդունած փաստաթղթեր ոչ միայն նման հնարավորություն են սահմանում կարգապահական պատասխանատվության համար, այլև հիմքերն են հստակեցնում: Նա կարծիք հայտնեց, որ Զեյնալյանի առաջարկությունը՝ ընդհանրապես կարգապահական վարույթ չհարուցելու մասին, հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ու ինքը դրան սկզբունքորեն համաձայն չէ:
«Դատական օրենսգրքում հստակ սահմանված է երկու հիմք, երբ անձը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Նախարարների կոմիտեի՝ 2004թ, ապա նաև թարմացված 2010 թ. որոշումներով հաստատվել են այն առաջարկությունները, թե ԵԽ անդամ երկրներում դատավորների անկախությունը չխախտելով ինչ հիմքերով ու ինչ ընթացակարգերով վերջիններս պետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Ձեր առաջարկության ընդունման դեպքում մենք կունենանք դատավոր, որն ընդհանրապես չունի պատասխանատվություն: Իսկ որևէ սուբյեկտ, որ չունի պատասխանատվություն, չարիք է ցանկացած պետության համար»,-ասաց Կոստանյանը:
Նրա կարծիքով, դատական օրենսգրքի փոփոխությունները, դրանք, ըստ նրա, կարգավորելու են դատարանակազմության բոլոր հարաբերությունները: