Հայկ Ալումյանը պատրաստ է կրկին ստանձնել Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը
ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ Սմբատ Բարսեղյանը հունվարի 31-ի դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ցանկանում է՝ փաստաբան Հայկ Ալումյանը ստանձնի իր պաշտպանությունը: Panorama.am-ը զրուցեց Հայկ Ալումյանի հետ՝ պարզելու համար՝ պատրա՞ստ է նա կրկին ստանձնել Բարսեղյանի պաշտպանությունը: Հիշեցնենք՝ նախորդ տարի Բարսեղյանը, ում նկատմամբ սանկցիա էր կիրառվել, ինքն էր հրաժարվել իր պաշտպանի ծառայություններից:
«Երբ Բարսեղյանին հանում էին դատական նիստերի դահլիճից, նա հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից, հենց այդ պահից ես այլևս իր պաշտպանը համարվել չեմ կարող: Այսօրվա դատական նիստի վերաբերյալ, ինչպես և նախորդի, ես ծանուցված չեմ եղել, այնինչ հետագայում, ինչպես նաև այսօր իմացել եմ՝ դատական նիստի ժամանակ Սմբատ Բարսեղյանը արտահայտել է իր ցանկությունը, որ ես կրկին իր պաշտպանությունը ստանձնեմ, պահանջել է դատարանից, որ ինձ տեղյակ պահեն և հնարավորություն ստեղծվի, որ ես իր պաշտպանությունը ստանձնեմ»,- ասաց Ալումյանը:
Հարցին՝ ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում այս պարագայում՝ դատարանը պետք է ծանուցի՞ Բարսեղյանի հայտարարության մասին և ստանա փաստաբանի հաստատու՞մը, Ալումյանը պատասխանեց, որ դատարանն իրեն պետք է գոնե տեղեկացնի, որ այսպիսի բան կա, Սմբատ Բարսեղյանն այսպիսի ցանկություն է հայտնել, և ինքը հրավիրվում է դատարան, եթե պատրաստ է ստանձնել նրա պաշտպանությունը: Ճշտող հարցին՝ պատրա՞ստ է ստանձնել Բարսեղյանի պաշտպանությունը, նա նշեց. «Իհարկե, մեծ սիրով»:
Նա նշեց, որ դատարանից դեռ որևէ արձագանք չի ստացել: Փաստաբանն ասաց, որ մյուս դատական նիստին ներկա կլինի, քանի որ կողմնակի խոսակցություններից է իմացել Բարսեղյանի հայտարարության մասին, կգնա՝ պարզելու՝ ինչ է կատարվում:
Ալումյանի խոսքով՝ իր բացակայությամբ կայացած դատական նիստերի ժամանակ դատավորը հասցրել է «բավական կոպիտ ձևերով խախտել» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
«Ամրապնդվում է այն տպավորությունս, որն Արտուշ Գաբրիելյանի մասին էի արտահայտել՝ մեր դատավորները կարծեք թե ուզում են այս գործը հնարավորին չափ հագեցնել Եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որ մեզ համար հետո հեշտ լինի: Խախտվում է պաշտպանության իրավունքը: Դատավորը հարկադրաբար բերել է այնտեղ, հանրային պաշտպաններ է ներգրավել, ընդ որում՝ հանրային պաշտպաններն իրենց անհամաձայնությունն են հայտնել. Սմբատ Բարսեղյանը չի ուզում հանրային պաշտպան, հանրային պաշտպանը չի ուզում Սմբատ Բարսեղյանին պաշտպանել»,- ասաց նա:
Այն, որ Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը դրված է այնպիսի հանրային պաշտպանների վրա, ովքեր միաժամանակ նաև ուրիշ «սասնա ծռերի» են պաշտպանում, Ալումյանը գնահատեց որպես «դատավորի կողմից տրված մի մեծ հնարավորություն ապագայում Եվրոպական դատարանում այս գործով հաջողության հասնելու համար»:
Ըստ Ալումյանի մոտեցման՝ զուտ իրավաբանորեն այստեղ «սասնա ծռերից» ցանկացածի հետ Սմբատ Բարսեղյանի շահերի հակասության հնարավորություն կա:
Փաստաբանն իբրև օրինակ նշեց. Սմբատ Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում սպանությունների մասով, եթե դատարանը նրան արդարացնի այդ սպանություններով կամ սպանություններից որևէ մեկով, պարզվի, որ մեղավորությունը հաստատված չէ, արդեն ինքնաբերաբար կասկածյալի կարգավիճակում կարող է հայտնվել ցանկացած մյուս «սասնա ծուռը», և սա արդեն նշանակում է, որ իրավաբանորեն առկա է շահերի հակասություն: Այս պայմաններում, ըստ Ալումյանի, ոչ մի փաստաբան իրավունք չունի միաժամանակ իրականացնել Սմբատ Բարսեղյանի և որևէ այլ «ծռի» պաշտպանություն:
Ալումյանը նաև հիշեցրեց, որ այս գործով հանրային պաշտպաններ են ներգրավվել, ում աշխատանքի որակի համար պետությունը պատասխանատու է, ի տարբերություն մասնավոր պաշտպանների, ում աշխատանքի որակի համար պետությունը պատասխանատվություն չի կրում:
Փաստաբանը մատնանշեց հաջորդ խախտումը՝ դատարանի կողմից հանրային պաշտպաններ են ներգրավվել, որ ստանձնել են Սմբատ Բարսեղյանի պաշտպանությունը, սակայն հետը առանձնազրույց դեռ չեն ունեցել:
«Դուք պատկերացնու՞մ եք՝ ստանձնեն մեկի պաշտպանությունը, ու իր հետ առանձին զրուցած չլինեն: Նույն 6-րդ հոդվածի մեջ կա «Պաշտպանության իրավունքի մասին» դրույթ, ես չեմ պատկերացնում պաշտպանության իրավունքի ավելի կոպիտ խախտում: Հիմա ես մտածում եմ տարբեր վարկածների շուրջ, մեկ մտածում եմ՝ գուցե դատավորը սա չի պատկերացնում, հետո մտածում եմ՝ չէ, ասենք Արտուշ Գաբրիելյանի դեպքում գուցե ասեի՝ չի պատկերացնում, բայց եթե Մակյանի մասին է խոսքը, ես մտածում եմ, որ՝ չէ, երևի պատկերացնում է: Բայց եթե պատկերացնում է ու նման բաներ է անում, նշանակում է՝ չգիտեմ, գուցե այսպիսի մի հրահանգ ունի, իսկ այս գործով ամեն ինչ հրահանգներով է արվում, գուցե հրահանգ ունի նման խախտումներ հնարավորինս շատ անել, որ մեր գործը Եվրոպական դատարանում հեշտացնի, մենք հաշվի կառնենք դա»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը, Սյուզաննա Խչեյանը հրաժարել էին պաշտպանությունից՝ պաշտպանյալների անհամաձայնության պարագայում:
2017 թ. օգոստոսի 31-ի հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանին մեկ շաբաթ ժամանակ էր տրվել քրգործին ծանոթանալու համար. վերջինս ստանձնելու էր Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպանությունը: Սակայն Մարգարյանը ևս նշել էր, որ նիստերին ներկա կլինի, սակայն վերջիններիս պաշտպանությունն իրականացնելուց հրաժարվել էր՝ նույն պատճառով:
Նշենք, որ ամբաստանյալը կարող է փաստաբանին ընտրել, եթե մինչ այդ նրանից հրաժարվել է: Օրենքը նաև չի բացառում առանց պաշտպանների դատերի անցկացումը, սակայն պաշտպանի առկայությունը պարտադիր է առանձին դեպքերում՝ քրեական դատավարությունների, արագացված կարգով դատերի ժամանակ և այն դեպքում, երբ ամբաստանյալը հեռացված է դահլիճից:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով նիստին ներկա է մեկ ամբաստանյալ
- Մենք չունենք այն գործընթացը, որ պիտի տեղի ունենար. «Սասնա ծռերի» գործով պաշտպաններ
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին