Սպանդանոցների ծրագրի պատասխանատուն բացառում է այդ ոլորտում կոռուպցիան ու մենաշնորհները
Մորթի ծավալները
Հայաստանում այս տարվա ընթացքում սպանդանոցներում նախատեսվում է մորթել 233.150 խոշոր եջերավոր կենդանի, 499.600 մանր եղջերավոր կենդանի և 111.140 խոզ: Ընդհանուր առմամբ, իրականացվելու է 843 890 մորթ:
Սրանք Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա իրականացված կանխատեսումներ են: Նշված վերլուծության համար հիմք են հանդիսացել կենդանիների մայրական կազմի և ծնի տվյալները: 2018-ի համար արված ԱՎԾ այս կանխատեսումն էլ հիմք հանդիացել սպանդանոցների ծրագիրն իրականացնելիս: ՍԱՊԾ-ում հաշվել են, որ այսքան մորթ իրականացնելու համար պետք է 40-70 սպանդանոց՝ կախված դրանց հզորությունից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներքին անվտանգության ու աուդիտի վարչության պետ, Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի պատասխանատու Արայիկ Քուրդյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնում է, որ մշակել են սպանդանոցների տիպային մոդելներ:
«Ունենք սպանդանոցի չորս մոդել, որոնցից յուրաքանչյուրում օրական կարելի է իրականացնել 3-5, 8-10, 10-15 և 15-20 անասունի մորթ: Սրանով էլ պայմանավորված մենք նշում ենք, որ անհրաժեշտ կլինի 40-70 սպանդանոց: Եթե բոլորը կառուցեն օրական 20 մորթ իրականացնելու հնարավորությամբ սպանդանոց, ապա 40 սպանդանոցն էլ կբավարարի»,-բացատրում է Քուրդյանը:
Ծառայության մասնագետների նախնական հաշվարկի ու կազմած քարտեզի համաձայն, ծրագրի իրականացման արդյուքում Հայաստանի տարածքում կգործի 41, իսկ Արցախում՝ 3 սպանդանոց: Հայաստանում այս պահին կա 20 սպանդանոց, Արցախում՝ մեկը: Ծառայության աշխատակիցները բանակցում են արցախցի գործընկերների հետ, որ գործընթացը միաժամանակյա ու միատարր լինի, որպեսզի հետագայում Արցախից Հայաստան թարմ միս ներմուծելիս խնդիրներ չառաջանան:
«Այս պահին ունենք 30-40 տնտեսվարող, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում սպանդանոց կառուցել տարբեր մարզերում»,-ասաց Քուրդյանը:
Կոռուպցիայի մասին մտահոգությունները
Ոլորտին ծանոթ մասնագետներն ավելի վաղ ահազանգել էին, եթե Հայաստանում իրականացվող մորթի վերաբերյալ հստակ տվյալներ չկան, այդ պայմաններում հնարավոր է սպանդանոցները միայն թուղթ վաճառեն, որով ձևական կհավաստեն՝ իբր տվյալ անասունն իրենց մոտ են մորթել: Ծրագրի պատասխանատուն բացառում է նման երևույթը, ասում է՝ ձև 5 ձևաթուղթն են մշակել, որը թվայնացվում է, բոլոր սպանդանոցներն ընդգրկվելու են էլեկտրոնային բազայում, առաքվող մսի ուղեկցող փաստաթուղթն էլ կլինի էլեկտրոնային:
«Մենք մտածել ենք բոլոր մեխանիզմները, որ հնարավորինս բացառենք թղթի վաճառքը: QR կոդի միջոցով հնարավորություն է լինում պետական վերահսկողություն, հանրային իրազեկվածություն իրականացնել: Քաղաքացին ավելի պահանջկոտ է դարձել, գիտակցում է, որ իրենց առողջ սնունդն ու ապրելակերպը կախված է դրանից»,-բացառումը հիմնավորում է Քուրդյանը:
Մենաշնորհի ու գերիշխող դիրքի հնարավորությունը
Ծառայության ներկայացուցիչը բացառում է, որ սպանդանոցների ոլորտում հնարավոր է մենաշնորհներ ու գերիշխող դիրք զբաղեցնողներ լինեն:
«Ցանկացած անձ, ով ունի ֆինանսական միջոցներ, տարածք, կարող է կառուցել սպանդանոց: Որևէ խոչընդոտ ու զսպողական բան ծառայության կողմից չի լինելու: Ամեն օր ծառայություն մարդիկ են գալիս, ովքեր սպանդանոց կառուցելու ցանկություն են հայտնում: Մենք ներկայացնում ենք պահանջները, տեսուչները ստուգում են հնարավորությունները»,-ասում է ծրագրի պատասխանատուն: Որոշ մարդիկ սպանդանոցային բիզնեսը կապում են ՍԱՊԾ պաշտոնյաների անվան հետ: Ծրագրի պատասխանատուն հակադարձում է, քանի որ ՍԱՊԾ աշխատակիցները համարվում են քաղաքացիական ծառայողներ, չեն կարող ծավալել բիզնես գործընթաց, այդ թվում սպանդանոց ունենալ: Ինչ վերաբերում է նրանց ընտանիքների անդամներին, հարազատներին, ապան սահմանփակումներ կամ արգելքներ այս չկան:
«Սպանդանոցները ՍԱՊԾ աշխատակիցների անվան հետ կապելու մասին լուրերն ուղղակի խոսակցություններ են: Ես ձեզ հավատացնում եմ, որ այսօրվա դրությամբ ՍԱՊԾ որևէ աշխատակից կապ չունի սպանդանոցների հետ: Բայց եթե ծառայության աշխատակցի որևէ ազգականը հնարավորություն ունի կառուցելու, թող կառուցի, ինչո՞ւ ոչ: Եթե օրենքով չի արգելվում, քաղծառայության օրենքին էլ չի հակասում»,-նշում է նա:
ՍԱՊԾ-ում վստահ են, որ ոլորտում մեծ մրցակցություն է լինելու, ինչի հետևանքով էլ ծառայության գները կնվազեն:
«Ոլորտը նոր է: Գերիշխողներ դժվար լինեն՝ հաշվի առնելով, որ հայտ ներկայացրած որևէ ընկերություն ցանկություն չի հայտնել կառուցել մեկից ավելի սպանդանոց: Սպանդանոց կառուցելը մեծ ներդրումներ է պահանջում՝ 10 մլն դրամից մինչև 45 մլն դրամ, նույնիսկ ավելի: Այս պահի դրությամբ մենք բաց ենք բոլորի համար, բոլոր ցանկացողները պահանջների բավարարման դեպքում կարող են սպանդանոց կառուցել»,-հավաստիացնում է նա:
Ինչ է պետք սպանդանոց կառուցելու համար
Գումար, տարածք, տաք ու սառը ջուր, լաբորատորիա…Քուրդյանի խոսքով, սպանդանոցի կառուցման թույլտվություն ստանալու համար պարտադիր պայման է, որ այն լինի բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից առնվազն 300 մ հեռու, պետք է ունենա լաբորատորիա, երեք սառցախցիկներ, մաքուր և կեղտոտ գոտիներ, աշխատակիցների համար սանիտարական զոնա, որտեղ պետք է մինչև մորթն իրականացնելը կարողանան լողանալ, արտահագուստը փոխել, պետք է լինի կոյուղահոր, որտեղ պետք է լցվեն արտաթորանքները:
Սպանդանոց կառուցելու հայտ ներկայացրել են ու հավանության արժանացել են «Հրազդանի սպանդանոց», «Մարտունու սպանդանոց», «Նատուր Միթ», և այլ ՍՊԸ-ներ:
ՍԱՊԾ-ում նախատեսում են սպանդանոցների թիվը հասնել 71-ի, դրա արդյունքում մսի գինը էժան կլինի, քանի որ տրանսպորտային ծախսերը կկրճատվեն: Ինչ վերաբերում է մորթի գներին, ապա նախնական տվյալներով, խոշոր եղջերավոր մեկ կենդանու մորթը կարժենա 10-15 հազար դրամ, մանր եղջերավորի համար՝ 3-5 հազար դրամ:
«Դա արդեն շուկան կթելադրի, մրցակցային շուկա է»,-նշում է նա:
ՍԱՊԾ նախնական հաշվարկով՝ մինչև 2018թ-ի հուլիսի մեկը հանրապետությունում պատրաստ կլինեն շահագործման 40 սպանդանոցներ:
Հարակից հրապարակումներ`
- Փորձում են դյուրացնել սպանդանոցներ-տնտեսվարողներ գործընթացը
- Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
- Բաբկեն Պիպոյանը՝ սպանդանոցների մասին. Ստեղծվում է շատ լուրջ կոռուպցիոն սխեմա
- Չկա համոզմունք, որ սպանդանոցները հասանելի կլինեն գյուղացիներին. Նիկոլ Փաշինյան
- ՍԱՊԾ պետ. Ոչ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու դեպքում սպառնում է տուգանք
- ՍԱՊԾ. Կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ
- Իշխան Կարապետյան. Սպանդանոցային ծրագրի մասնակցության աշխուժությունը ոգևորիչ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան