Արմեն Սարգսյան. ՀՀ Նախագահի առաջարկն «անսպասելի սպասվածն էր»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»: Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։
«Կարելի է ասել, որ սա անսպասելի սպասվածն էր: Բազմիցս իմ անունը այս կամ այն մարդիկ շահարկել են, ամեն նախագահական ընտրությունների, վարչապետի նշանակման ժամանակ, ընդ որում դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Սակայն 2000 թվականից հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից, ինչ որ իմաստով դարձա ազատ մարդ, կյանքս փոխվեց դեպի համալսարան, դեպի միջազգային ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանք մեծ ընկերությունների հետ՝ Bank of America, Alcatel և այլն:
Նախ և առաջ, ես շատ լավ վարձատրվում էի, և դա հոյակապ փորձ էր ինձ համար և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր՝ փորձել այն մտքերը, այն առաջարկները, որոնք կան իրական կյանքում, որոնք կան տնտեսության մեջ, և երրորդը, սովորել նախ և առաջ էներգետիկ ոլորտը, նավթային ոլորտը , հեռահաղորդակցության ոլորտը, մի շարք ուրիշ ոլորտներ, այսինքն, իրական կյանք մտա այդ ճանապարհով»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ դեսպան դառնալը ծրագրված չի եղել, և առաջարկն արվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի այդ ժամանակվա դեսպան Կարինե Ղազինյանի մահից հետո։
«Նախագահի հետ 2013-ի ամռանը երբ զրուցում էինք, նա ինձ առաջարկեց վերադառնալ, և այդ ժամանակ նույնպես խնդրեցի, որպեսզի մտածեմ, չնայած դեսպանի պաշտոնը բնականաբար ինձ շատ ծանոթ էր։ Առաջարկին ի պատասխան նշեցի՝ կհամաձայնվեմ, եթե իմ պայմանը կատարվի, որ ես իմ աշխատանքը կատարեմ առանց վարձատրվելու՝ բոլոր իմաստներով. ոչ աշխատավարձ, ոչ բնակարանի վարձ, ոչ մի բան, այդ կերպ փորձելով ինչ որ կերպ աջակցել մեր հանրապետությանը , նախարարությանը, կառավարությանը, բյուջեին, քանի որ դեսպանի աշխատավարձը, մյուս ծախսերը բավականին մեծ են, և ընդհակառակը, իմ, ընտանեկան միջոցներից ներդրվել են տարբեր միջոցառումների համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Անդրադառնալով ՀՀ Նախագահի ներկայիս առաջարկին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն շատ անսպասլի չի եղել իր համար և ավելացրել, որ նախկինում Նախագահի հետ նման խոսակցություն չէր եղել. «Բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի »,- ասել է Սարգսյանը:
Հարցին՝ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ուղիղ եթերո՞ւմ, թե դրանից առաջ էլ գիտեր, ինչի համար է գնում Նախագահի նստավայր, Արմեն Սարգսյանը պատասխանել է.
«Ոչ, ամբողջ խոսակցությունը հենց տեղում է եղել: Ես, իհարկե, շնորհակալ եմ հանրապետության Նախագահին, ու ինքնին առաջարկությունը շատ մեծ պատիվ է, շնորհակալ եմ ՀՀԿ-ին, որովհետև նա առաջարկում է ոչ միայն որպես Նախագահ, այլ նաև որպես կուսակցության ղեկավար: Շնորհակալ եմ, որ Նախագահը հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի, մտածելու: Եվ սա ձև չէ, իրականում շատ պարզ պատճառներ կան դրա համար: Հարցը միայնն առաջարկությունը չէ, այլ՝ ընդունում ես՝ ի՞նչ ես անելու, ի՞նչպես ես անելու: Հանրապետության Նախագահն առաջարկում է լինել հանրապետության նախագահ, որի բոլոր իրավասությունները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրության մեջ, ամեն ինչ շատ պարզ է: Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ Սահմանադրությունը որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»,- նկատել է Արմեն Սարգսյանը:
Վերջինիս խոսքով, հասկանալի է նաև, որ Սահմանադրությամբ գծված սահմանները սահմաններ են, որոցից չես կարող անցնել այս կողմ կամ այն.
«Եվ հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության և տառը, և բառը: Սակայն շատ լավ գիտենք, որ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ գրել և տարբեր մտքեր արտահայտել, և լավ, և վատ»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան