Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն. Միհրան Պողոսյանը՝ իր հեղինակած օրինագծի մասին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ էր ներկայացրել:
Նախագծի նպատակն է՝ թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել օտարերկրյա հանրակրթական ուսումը, երբ լրանում է զորակոչի տարիքը:
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյո՞ք այն է, որ Պողոսյանի որդիները ցանկանում են սովորել օտարերկրյա դպրոցում:
«Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն։ Աղջիկս սովորում է Ամերիկյան համալսարանում, իսկ տղաներս սովորում են դպրոցում: Կարող ա և գնան օտարերկրյա դպրոց»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Հարցին՝ այսինքն՝ ձեր երեխաների համա՞ր եք այդ նախագիծը ներկայացնում, Պողոսյանը պատասխանեց.
«Ես նաև ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկականք մի բան, որ պետք չէ մասնավորեցնել դեպքերը: Խնդիրը հետևյալն է. կա 18 տարին լրացած երեխաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը՝ խնդիր են ունենում բանակ գնալու հետ: Ուզում եմ զուգահեռներ տանել, որ Հայաստանում սովորող երեխաները չունեն այդ խնդիրը, որովհետև նրանք տարկետում են ստանում։ Անձնական շահագրգռվածություն կա, որովհետև 57 դիմում եմ ստացել միայն Մասիվից։ Ես ամեն ինչ անում եմ անձնական շահագրգռվածությամբ։ Անձնական շահագրգռվածությունը մեր քաղաքացիների շահագրգռվածությունն է։ Որպես ԱԺ պատգամավոր՝ իմ հետևում կանգնած քաղաքացիներ կան: