Ճանապարհային գծանշումների համար մեկ մարմին պետք է պատասխան տա. Ալիկ Սարգսյան
Ոստիկանությունը պատրաստ է քննարկել ԱԺ առաջարկությունը՝ ճանապարհային գծանշումները կատարելու և տարբերանշաններ տեղադրելու գործառույթները վերապահել ճանապարհային ոստիկանությանը: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ անդրադառնալով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցին:
Նիստին ներկա ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը տարակուսանք հայտնեց՝ ինչ կապ ունի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը գծանշումների հետ:
«Ես հասկանում եմ, որ մի մարմին պետք է պատասխան տա, որ ժողովուրդը հասկանա՝ խնդիրների դեպքում ում մեղադրեն կամ ումից պահանջեն: Ես պատգամավոր եմ, չորս ամիս է արդեն տանջվում եմ, խոսել եմ Ճանապարհային ոստիկանության պետի, տրանսպորտի նախարարի հետ, չեմ կարողանում նշանը տեղադրել: Չեմ գտնում «տիրոջը»: Ինչ վերաբերում է տրանսպորտի նախարարությանը, իրենց պատասխանատվության մեջ դա չի մտնում: Մի րոպեում շրջում են ոստիկանության կողմ: Բայց դա ոստիկանության իրավասության մեջ չէ: Դրա համար հարկավոր է հասկանալ՝ ով է դրա պատասխանատուն, որ դեպքերը նախապես կանխարգելվեն, չթողնենք դեպքը լինի, նոր աղմուկ բարձրացնենք»,- նշեց պատգամավորը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը իր հերթին նկատեց, որ կառավարության որոշմամբ ճանապարհների գծանշումներ կատարելու գործառույթը վերապահված է իրենց գերատեսչությանը:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ ընդգծեց, որ կառավարության ներկայացրած առաջարկն ընդունելի է, քանի որ պետք է հստակ որոշել հանրային տարբեր վայրերում ինչպես տեսանկարահանող սարքերի տեղադրման, այնպես էլ տեսանյութերի ոչնչացման հետ կապված լիազորությունները:
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը դրվեց քվեարկության: Այն ընդունվեց 5 կողմ, 1 դեմ ձայներով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին