Աբաշիձեն Կարասինի հետ կքննարկի «սուր թեմաներ»
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մեկնել է Պրահա, որտեղ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ մտադիր է քննարկել «սուր թեմաներ»: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»:
Հարցերի մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ցխինվալիի տարածաշրջանի միջև միասնական ռազմական կազմավորում ստեղծելու մասին համաձայնագրին, ըստ որի՝ Հարավային Օսիայի զինված ստորաբաժանումների մի մասն առաջիկայում մտնելու է Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ: Անցած շաբաթ Պետդուման վավերացրել է համաձայնագիրը:
«Մենք քննարկելու ենք Ռուսաստանի և Ցխինվալիի տարածաշրջանի միջև միասնական ռազմական կազմավորում ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցը: Ունենք տեղեկություններ, որոնց համաձայն՝ Ցխինվալիի տարածաշրջանում այսպես կոչված մաքսային անցակետեր են ստեղծվում: Կան թեմաներ, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում», - ասել է Աբաշիձեն: