Մոսկվայում կալանքի տակ է Հայաստանից տարված կենդանի խեցգետնի մեկ խմբաքանակ
Ռուսաստանի գյուղատնտեսական ապրանքների վերահսկողությամբ զբաղվող կառույցը՝ «Ռոսսելխոսզնադզոր» Մոսկվայի Դեմոդեդովո օդանավակայանում արգելել է Հայաստանից ներկրվող կենդանի խեցգետինների մի ամբողջ խմբաքանակի մուտքը Մոսկվա: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ հղում անելով Ռոսսելխոզնադզորի Մոսկվայի և Տուլայի մարզային վարչության տարածած հաղորդագրությանը:
«Դեմոդեդովո օդանավակայանի բեռնափոխադրման տերմինալում կասեցվել է սույն թվականի հունվարի 25-ով թվագրված բեռնագրով, Հայաստանի հանրապետությունից բերված 1 տոննա տարողությամբ կենդանի խեցգետինների մեկ խմբաքանակ»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:
Անասնաբուժական վերահսկողությունը նշում է, որ բեռը չի ունեցել ամբողջական փաթեթավորում, բացի այդ, արտադրանքի մշակման ամսաթիվը, որը նշված է եղել անասնաբուժական հավաստագրում չի համապատասխանել մշակման ամսաթվին, որը նշված է եղել պիտակի վրա: Արդյունքում, բեռը «ձերբակալվել է»: