Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
Կառավարության նիստի ժամանակ ոչ միայն լրագրողների, այլ ցանկացած կառավարության ոչ անդամի մասնակցությունը սահմանափակում է ցանկացած քննարկում: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն:
«Եթե դուք ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա լինի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը: Ձեր բանավեճը կամ ձեր փաստարկները ներկայացնելիս, բնականաբար, հաշվի կառնեք այլ անձանց ներկայությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է գործի անկաշկանդ:
Նրա խոսքով՝ ուսումնասիրել են այլ երկրների փորձը, և աշխարհում չկան երկրներ, որոնց կառավարության նիստերն ամբողջովին հեռարձարկվում են: Հայաստանը, ըստ նրա բացառություն է:
«Մենք բացառություն ենք, որտեղ կառավարության նիստերը բաց են և դրանց մասնակցում են մեծ թվով կառավարության անդամ չհանդիսացող անձինք, ինչը բերում է բացասական հետևանքներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ փակ նիստերը հնարավորություն են տալիս ավելի անկեղծ ու քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին, մինչդեռ իրականում բուռն քննարկումները տեղի են ունենում կառավարության նիստից դուրս:
Միաժամանակ Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ, դա է պատճառը, որ օրենքում ամրագրված է՝ վարչապետի պարտականությունն է ապահովել կառավարության նիստերի թափանցիկությունը հանրության համար:
Արդարադատության նախարարն ասաց նաև, որ դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. «Երբ հարցերը քննարկվում են, ապա կառավարության անդամները պետք է հնարավորինս այդ քննարկմանն ակտիվ մասնակցեն: Այսօր, երբ այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստից դուրս, արդյունքում ստացվում է, որ ոչ բոլոր կառավարության անդամներն են մասնակցում այդ քննարկումներին: Այնպես որ, դռնփակ նիստերը թույլ են տալիս ժողովրդավարություն ապահովել կառավարության նիստի ներսում»: