Տրամաբանությունը՝ որքան շատ են կրակում, այնքան շուտ համաձայնության կգան, իրական կյանքում չի կարող աշխատել. Սերգեյ Լավրով
Մենք կարծում ենք, որ ցանկացած ձևով կազմակերպչական օժանդակությունը կարող է շատ օգտակար լինել դրված նպատակին հասնելու առումով: Ելնելով սրանից՝ կարծում ենք, որ խոսքը բավական կարևոր և դրական քայլի մասին է: Փետրվարի 1-ին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն՝ պատասխանելով հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ինչ կտա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդայնումը:
Նշենք, որ Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, ով ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակում Ռուսաստանում է, հայտարարել էր, որ 2018 թ.՝ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության շրջանում առաջնահերթ խնդիր կդառնա ձգձգված հակամարտությունների վրա ուշադրության կենտրոնացումը և ուկրաինական ճգնաժամից ելքերի որոնմանն օժանդակումը:
«Ես կարծում եմ, որ դա կլինի զգալի և տեսանելի օժանդակություն՝ կարգավորման գործընթացի արագացմանը: Մենք ամեն կերպ օժանդակում ենք նրան, ինչ անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Ալֆանոն:
Լավրովն իր հերթին նշել է. «Որքան ես հասկանում եմ՝ այստեղ խոսքը ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է, որքան շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այս պատմությունը սկսվել է բավական վաղուց՝ դեռ 2010 թ. սկզբին, երբ բանակցություններ էին վարվում այս գոտում վստահության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Բայց 2016 թ. ապրիլին՝ շփման գծում հայտնի դեպքից հետո Վիեննայում ԵԱՀԿ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, իսկ 2016-ի հունիսին Սանկտ-Պետերբուրգում համանախագահների մասնակցությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց իբրև վստահության ամրապնդման ուղղությամբ կոնկրետ քայլ ավելացնել մի քանի՝ 6-7 մարդ՝ որպես շփման գծում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ»:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այդ պահից այս աշխատանքը տարվում է: Լավրովը կարծիք է հայտնել, որ այժմ կողմերը մոտ են այս պայմանավորվածության իրականացման կոնկրետ պարամետրերի համաձայնեցմանը: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կարող է այն օպերատիվ կերպով կյանքի կոչել:
Մեկնաբանելով հնչող կասկածները, թե դիտորդների թվի ավելացումը կարող է բերել հակամարտության հավերժացմանը՝ Լավրովն ասել է. «Պետք է ելնել այն հանգամանքից, որ լինի Ղարաբաղում, թե Դոնբասում, ցանկացած հակամարտության կարգավորման ցանկացած գործընթաց պետք է ներառի զուգահեռ քայլեր, համընթաց, համընդգրկուն քայլեր, որոնք իրենց մեջ կներառեին և անվտանգության ամրապնդմանն ուղղված, և քաղաքական կարգավորմանը միտված քայլեր»:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ ամեն դեպքում, տրամաբանությունը, թե՝ որքան շատ են կրակում, այնքան շուտ կհամաձայնեն պայմանավորվածությունների գնալ, երևի իրական կյանքում չի կարող աշխատել: Նա հույս է հայտնել, որ այն, ինչի մասին պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, և ինչին ակտիվորեն սատարում են ԵԱՀԿ ներկայացուցիչները, համանախագահները, կյանքի կկոչվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին