Դավոսում ձեռք են բերվել պայմանավորվածություններ. վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադառնալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին՝ նշեց, որ դրա շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների արդյունքում, ըստ նրա, ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ։
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։
Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններինն էլ հանձնարարեց ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայամանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման և ներկայացման նպատակով։
«Գործողությունների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ Կառավարության աշխատակազմ»,- նշեց վարչապետը։