Կեսոյան. «Ինտերօրթո» կենտրոնը չի փակվելու
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանն անտեղի է համարում Երևանի «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մտահոգությունը: Նրա խոսքով, հայտարարված մրցույթի արդյունքները դեռ չեն ամփոփվել, հաղթողը կամ հաղթողները հայտնի կլինեն փետրվարի սկզբին:
«Մրցույթը հայտարարվել է 2017-ի նոյեմբերին, սակայն տոների հետ կապված մրցույթի բացումը տեղի է ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Նախարարությունը շարժվել է բացառապես ընթացակարգերով: Հանձնաժողովը գնահատել է մրցույթի արդյունքները»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարության ներկայացուցիչը:
Նա մանրամասնեց, որ արդյունքները գնահատելիս անհասկանալի հարցեր են առաջացել, հարցում է արվել ֆինանսների նախարարությանը:
«Մոտակա օրերին ամփոփվել է մրցույթի արդյունքները, հայտնի կլինեն հաղթողները: Ներկա պահին հստակ չէ, թե ով է հաղթողը»,-ասաց Կեսոյանը:
Ծառայությունները մատուցելու համար մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած կազմակերպությունը պետք է ունենա ISO ստանդարտին համապատասխանող հավաստագիր։
«Պրոթեզների ներկրվող դետալները պետք է ունենան այդ ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկատ: Թույլ չենք տալու անորակ կամ ստանդարտներին չհամապատասխանող դետալների ներկրումը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդ կենտրոնը չի փակվելու:
Կեսոյանի խոսքով, նախարարության շահից է բխում պրոթեզարանների թվի ավելացումը, քանի որ դա կբերի մրցակցության ու ծառայությունների մատուցումն ավելի որակյալ դարձնելուն: