Դատավարական առանձին օրենսգրքերում տուգանքների ներկայացման անհրաժեշտություն չկա. Արա Զոհրաբյան
Դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը դեռևս այլ դատավարության օրենսգրքեր չի տեղափոխվել: Panorama.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք փաստաբաններին բավարարում է դատական տուգանքի տեղափոխումը «Դատական օրենսգրքի» նախագծից «Դատավարական օրենսգիրք», այս մասին նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Փաստաբանների պալատը պատրաստ է ներկայացնել իր փաստարկները դատավարական առանձին օրենսգրքերում նման տուգանքների սահմանման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ: Մենք խնդրեցինք այս հարցը հետաձգել և քննարկել դատավարության օրենսգրքերի ընդունման ժամանակ, որպեսզի ժամանակ և հնարավորություն ունենանք ներկայացնել մեր հիմնավորումները, իսկ իրավասու մարմինն էլ ժամանակ և ցանկություն ունենա քննարկել մեզ հետ»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ «Դատական օրենսգրքի» նախագծի ընդունման ժամանակ դա հնարավոր չէր ապահովել, քանի որ կա այդ օրինագծի հրատապ ընդունման անհրաժեշտություն՝ կապված սահմանադրական գործընթացների հետ: Ըստ Փաստաբանների պալատի նախագահի՝ այդ դեպքում, բնական է, որ իրենց փաստարկները լսելի չէին լինի: «Եթե արդարադատության նախարարությունը այս գործընթացը կրկին պետք է տանի հրատապության ռեժիմով, ապա մենք կունենանք նույն անհասկանալի վիճակը և դժգոհության նույն ալիքը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ հայտարարությանը 22.01.2018թ. ժամը 14:00-ի դրությամբ միացել է 1354 փաստաբան: Մի քանի մարզերում փաստաբանները նախազգուշական ակցիա-գործադուլ են իրականացրել:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը փետրվարի 31-ին խորհրդարանում հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգիրքը ենթարկվել է մի շարք փոփոխությունների. դրանցից մեկն էլ այն է, որ օրենսգրքից հանել են տուգանքի վերաբերյալ կարգավորումները: Նա նշել է, որ հարցի կարգավորումը կլինի շատ շուտով, դրանք կներկայացվեն Դատավարության օրենսգրքում իրականացվելիք փոփոխություններում:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքում 12 կարևոր փոփոխություն է կատարվել
- Ստորագրահավաքից կտրուկ միջոցների անցնելու ժամանակն է. Հայկ Ալումյան
- Փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառման դեմ բողոքող փաստաբանների թիվը հատել է 1000-ը
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
- Փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու իրավունքը փաստաբանին ճնշելու միջոց է. Էմիլ Ամիրխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան