Ովքեր և երբ կարող են դիմել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ հետ ստանալու ավելի վճարած գումարները
Մինչև փետրվարի վերջ քաղաքացիները կարող են դիմել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ հետ ստանալու վճարած ավելի գումարները:
Հիմնադրամը անհրաժեշտ տեղեկանքների ու դիմումի առկայության դեպքում երկու օրում վերադարձնում է գումարը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: Արդեն կան դիմողներ ու գումարը ետ ստացածներ: Միայն հունվարի 30-ին հիմնադրամը մոտ 30 դիմում է ստացել: Դրանք կարելի է ուղարկել փոստով կամ առձեռն (Երևան, Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով):
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց, թե որ դեպքերում մեկից ավելի անգամ դրոշմանիշային վճար կատարող քաղաքացիները կարող են ստանալ իրենց գումարները:
«Օրենքը երբ ընդունվում էր, ԱԺ-ում քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարը հստակ հայտարարեց, որ լինելու են որոշակի արտոնություններ»,-ասաց նա: Մանրամասնելով այդ արտոնությունները՝ Վ. Ավետիքյանը նշեց, որ այն վերաբերում է անձանց, որոնց ընտանիքում կա ժամկետային կամ զոհված զինծառայող:
«Նրանք դիմելիս կարող են որոշել, ամբո՞ղջ գումարն են ցանկանում հետ ստանալ, թե՞ մի մասը»,-նշեց հիմնադրամի նախագահը:
Այս հարցի վերաբերյալ օրենքի հաջորդ կարգավորումը վերաբերում է ֆիզիկական այն անձանց, որոնք միաժամանակ աշխատում են աշխատանքային պայմանագրով և հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, նոտար և(կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում են եկամուտ:
Կարող են գումարի մի մասի վերադարձի համար դիմել նաև այն քաղաքացիները, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուի մոտ, եկամուտներ են ստանում տարբեր անձանց հետ կնքված մեկից ավելի պայմանագրով:
Հունվարի առաջին օրերին դիմումներն ավելի քիչ են եղել, օրեցօր դրանց թիվն ավելանում է, հիմնադրամում մտածում են, որ փետրվարին ավելի շատ քաղաքացիներ կդիմեն:
ԿԲ ներկայացուցիչը հստակեցնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը, ինչպես նաև դիմումի ձևը հրապարակված են նաև հիմնադրամի պաշտոնական էջում.
«Առաջին հերթին ՊԵԿ-ից պետք է վերցնել համապատասխան տեղեկանք, որ տվյալ անձը փաստացի վճարել է այդ գումարը: Եթե ընտանիքն ունի զոհված կամ ժամկետային զինծառայող, ապա Պաշտպանության նախարարությունից պետք է վերցնել այդ մասին հավաստող տեղեկանք: Երկու տեղեկանքնեը պետք է ներկայացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»: Հիմնադրամը երկու օրում պետք է քաղաքացուն վերադարձնի գումարը»:
Նրա խոսքով, ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը եթե ներկայացված չէ, ապա դիմումը կմերժվի:
Ավետիքյանի խոսքով, եղել է դեպք, երբ քաղաքացին հիմնադրամ է վճարել ամսական 80 հազար դրամ, այսինքն աշխատել է 6-7 գործատուի մոտ: Հիմնադրամ դիմած քաղաքացուն արդեն վերադարձրել է ավելի վճարած 68 հազար դրամը:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչու ՊԵԿ դիմելու համար քաղաքացին պետք է ներկայացնի նաև գործատուի կողմից տրված տեղեկանք, Ավետիքյանը պարզաբանեց.
«Դրա նպատակը հետևյալն է. օրենքն ասում է, որ վերադարձման ենթակա է միայն անձի կողմից կատարած վճարը: Այսինքն, երբ գործատուն է կատարել վճարը, որը լինում է նվազագույն աշխատավարձից քիչ ստանալու դեպքում, ապա գումարը վերադարձման ենթակա չէ: Իսկ հարկային տեսչությունը չգիտի, գործատո՞ւն է կատարել այդ վճարը, թե՞ անձը: Տեղեկանքով հստակեցվում է, թե ով է կատարել տվյալ վճարը»:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ հիմնադրամի հավաքագրված միջոցները կազմում են մոտ 6.4 մլրդ դրամ, որից մոտ 6.3 մլրդ դրամը հավաքվել է պարտադիր վճարումների արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տվել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիքի
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017 թ-ին փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի
- Ո՞ր դեպքերում է հնարավոր հետ ստանալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից 1000 դրամները
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
- Զինծառայողների ապահովագրության հիմանադրամին կատարվել է ամենախոշոր նվիրաբերությունը
- «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կատարել է ավելի քան 160 միլիոն դրամի փոխհատուցում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան