Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում այն մտագոհությունները, թե կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ է ժողովրդավարությունից:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահն ասաց, որ կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու միջազգային պրակտիկա կա, և որևէ մեկը չի կարող իրեն համոզել, որ կառավարության դռնփակ նիստեր անցկացնող Գերմանիան, Մեծ Բրիտանիան կամ Իսրայելը ժողովրդավարական երկրներ չեն:
«Ավելին, Իսրայելի նման ժողովրդավարական երկրում կառավարության նիստերը ոչ միայն դռնփակ են, այլև այնտեղ չի թույլատրվում բացի կառավարության անդամներից որևէ մեկին մասնակցել այդ նիստերին։ Մինդչեռ մեր կառավարության նիստերին մասնակցում են նաև ոչ կառավարության անդամներ: Ուստի ասել, թե հետընթաց է, կիսանախագահականն ավելի լավ է, դա այդպես չէ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ կառավարության նիստերի ընթացքում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները բաց և հրապարակային քննարկվելու են նաև խորհրդարանում:
Դիտարկմանը, թե Հայաստանը պետք չէ համեմատել այդ երկրների հետ, Շարմազանովը նշեց. «Ուրեմն թող չասեն, որ հետընթաց է, իրենք ասում են՝ եթե փակ է, ուրեմն հետընթաց է, իսկ Հայաստանը բոլոր միջազգային կազմակերպությունների գոնե վերջին մեկ-երկու տարիների հետազոտությունների արդյունքներով՝ գնում է դեպի ժողովրդավարություն։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահը հանդես էր գալիս պաշտոնական ելույթով ԵԽԽՎ-ում, պարոն Յագլանդի հետ հանդիպում եղավ, ու որևէ պատգամավոր հարցականի տակ չդրեց Հայաստանի ժողովրդավարության հարցը, իսկ Յագլանդն էլ նշեց, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն նաև նշեց, որ սա արվում է ոչ թե թաքուն բան պահելու համար, այլ որ կառավարության որևէ անդամ կաշկանդված չլինի ավելի բաց քննարկումների, բանավեճերի համար, իսկ պառլամենտում հնարավորություն կա կառավարության ներկայացուցիչներին հարցեր տալ, նրանց լսել:
«Խոսքի ազատության սահմանափակման մասին լուրերը չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
- Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ