Կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Այսօր արտգործնախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նամուլի ծառայությունից հաղորդում են, որ նիստի բացմանը Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ 2016-2017 թթ․ աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության առավել խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, 2018-2019թթ. նախատեսվող ծրագրերին։
Հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցության տարբեր բնագավառների վերաբերյալ առաջարկներով։
Նիստին ներկա են եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի քաղաքապետարանի, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Հ․ Թումանյանի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, մշակութային ժառանգության պահպանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր տարեթվերի ցանկում առաջարկությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ընդգրկման համար պատրաստվող հայտերին առնչվող հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան