Հայաստանում 2017 թվականին սիգարետի արտադրությունը 19.9%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016 թ-ի համեմատ, աճել է 19.9%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016 թվականին Հայաստանում արտադրվել 23 մլն 754.4 հազար հատ սիգարետ, ապա 2017թ-ի հունվար-դեկտեմբերին՝ 28 մլն 476.6 հազար հատ:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը:
Panorama.am-ի հետ զրույցում Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ, օրինագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Ռոզա Բաբայանն ասել էր, որ տուգանքների մեծ չափը ոչ թե ծխողների դեմ է ուղղված, այլ բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանելու նպատակ ունի:
Նախագիծը որպես նպատակ սահմանում է նաև երկրորդային ծխի և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների, հաշմանդամության, վաղաժամ մահացության կանխարգելումը:
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2018թ. նոյեմբերի 1-ից։