Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ում այսուհետ կգործի ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքը
Այսօր տեղի է ունեցել Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությունը։ Կատարված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բաժանմունքը տեղակայված է կենտրոնի 7-րդ հարկում, զբաղեցնում է 3000 ք/մ ընդհանուր տարածք, հիվանդների կսկսի ընդունել արդեն երկուշաբթի օրվանից։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ, մահացության բարձրացում, նաև բարձիթողի դեպքերի ավելացում՝ 40-45 տոկոսի չափով։
«Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք ունենք ձեռքբերումներ։ Հայաստանում մոտավորապես 40 հազար մարդ համարվում է քաղցկեղը վերապրած։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք կարողանալու ենք արձանագրել վերապրածների շատ ավելի մեծ թիվ։ Վերջին 3 տարիների ընթացքում կենտրոնն ունեցել է մի շարք ձեռքբերումներ, կատարվել են վերանորոգման աշխատանքներ, նոր սարքավորումների ձեռքբերումներ։ Կառավարման նոր մոդելը հնարավորություն է տվել վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 820 միլիոն դրամի ներդրումներ կատարել»,- նշեց Արմեն Տանանյանը։
Նրա տեղեկացմամբ, հանրապետությունում տարեկան իրականացվում է 5-8 հազար քիմիաթերապիայի պրոցեդուրա, որի 80 տոկոսը՝ ՈՒԱԿ-ում։
Տանանյանն ընդգծեց, որ նորաբաց բաժանմունքը բաղկացած է 3 թևերից։ Առաջին մասնաշենքում կաշխատի բուժանձնակազմը, երկրորդում տեղակայված է քիմիաթերապիայի բաժանմունքը՝ ստացիոնար հիվանդների համար, երրորդում նախատեսված է կազմակերպել ցերեկային ստացիոնար բուժում ստացող հիվանդների սպասարկումը։ Ընդ որում, ցերեկային ստացիոնարում կարող է բուժում ստանալ միաժամանակ 60 հիվանդ՝ յուրաքանչյուրը 3-4 ժամ տևողությամբ։ Հաջորդ ստացիոնարում հնարավոր լինի հիվանդների ընդունել 18-20 վերանորոգված հիվանդասենյակներում։
«Մեզ մոտ օրական քիմիաթերապիայի կուրսեր են ստանում 80-100 հիվանդ։ Վերջին տարիների մեծ ձեռքբերումներից է մասնավորի և պետականի համագործակցությունը։ Շնորհիվ հայ և իրանցի գործարարների՝ մենք արդեն իսկ ունենք ճառագայթային բուժման ամերիկյան վերջին, նորագույն սարքավորումը՝ «Վարիան կլինակ ա իքս»-ը, որը հանրապետությունում միակն է։
Ճառագայթային բուժումն ամբողջ աշխարհում բավականին թանկարժեք է, բայց ունեցած պայմանագրերի՝ Հայաստանում ճառագայթային բուժումը նոր սարքավորումով կլինի մատչելի։
Վստահ եմ, որ հիվանդների մի զանգված իր բուժումը կանցնի պետպատվերի սահմաններում։ Այսօր պետպատվերի սահմաններում ապահովվում է հանրապետության կարիքների մոտավորապես 20 տոկոսը»,- նշեց ՈՒԱԿ-ի տնօրենը՝ միաժամանակ հավելելով, որ որոշ դեպքերում քաղցկեղը 1-ին, 2-րդ փուլերում հայտնաբերելու պարագայում հետագա ապրելիության ցուցանիշը 90-95 տոկոս է։
Արմեն Տանանյանը նկատեց, որ եվրոպական երկրներում ճառագայթայի բուժման արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից, հարևան Իրանում՝ 8 հազար դոլարից, Վրաստանում՝ համավճարի սկզբունքով 4 հազար դոլարից։ Հայաստանում ճառագայթային բուժումն, ըստ նրա, կկազմի մինչև 3 հազար դոլար։