Իգիթյանը լուրջ լոբբինգ է իրականացրել Դավիթ Մինասյանի վիճահարույց էսքիզի համար. Արայիկ Հարությունյան
Հայ ականավոր պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի տարբերակների ընտրության թափանցիկությա հետ ապված որոշ խնդիրներ են եղել: Լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ մրցութային հանձնաժողովի մի քանի անդամներ՝ Անուշ Տեր-Մինասյանը և Հաղթանակ Շահումյանը, հայտարարել են՝ ներկայիս տարբերակն առաջին փուլում չի եղել, անցկացվել է միայն երկրորդ փուլով:
«Ինձ համար շատ տարօրինակ է, որ քաղաքապետարանն իր կողմից այս տարբերակն է ուղարկել: Աղմուկից հետո, որ բարձրացավ լրագրողների շնորհիվ ես չհանդիպեցի որևէ մեկին, որ դրական կվերաբերեր արձանի այս տարբերակին: Մինչդեռ իշխանությունը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը: Իմ կարծիքով, բավականին անհաջող տարբերակ է, այն անցել է հիմնականում ՀՀԿ-ի ձայների շնորհիվ»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ արձանի դրոշի հատվածի գունավոր քարերը բերվել են Մեծ Բրիտանիայից, ինչը հուշում է, որ այն բավական ծախսատար քանդակ է լինելու: Երևանի ավագանու անդամը նաև նշեց, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը լուրջ լոբբինգ է իրականացրել, որպեսզի Դավիթ Մինասյանի վիճահարույց էսքիզը հաղթող ճանաչվի: «Ես տեղեկություն ունեմ, որ Լևոն Իգիթյանը լինելու է այս նախագծի ճարտարապետը: Ամսի 13-ին պետք է կայանա նախագծի քվեարկությունը»,- հիշեցրեց բանախոսը՝ ընդգծելով, որ դրա չեղարկման համար պետք է հանրային լուրջ ճնշում բանեցվի:
Ասուլիսին ներկա, Նկարիչների միջազգային միության անդամ Սուրեն Խորենյանն իր հերթին նկատեց, որ արվեստի գործերը չպետք է քննարկվեն ժողովրդի, ոչ մասնագետների կողմից: Նրա համոզմամբ, իհարկե, արվեստը ծառայում է մարդկանց, սակայն եթե հաշվի առնեին ժողովրդի կարծիքը, այսօր, օրինակ, Էյֆելյան աշտարակը գոյություն չէր ունենա: Մինչդեռ այսօր այն Փարիզի պարծանքն է:
«Ցանկացած արձան, որի վրա աշխատում են, անցնում է տասնյակ փուլեր: Որ մենք Արամ Մանուկյանի արձանը վաղուց պետք է ունենայինք, կասկածից վեր է: Լավ է ընտրված նաև արձանի տեղակայման վայրը: Համոզված եմ, որ ընթացքում այն հարյուր անգամ փոփոխությունների է ենթարկվելու: Արվեստագետը և պատվիրատուն պետք է աշխատեն իրար հետ»,- ասաց գեղանկարիչը:
Հարակից հրապարակումներ`
- Որքանո՞վ է հարմար դրոշը հագուստի վերածել. Հաղթանակ Շահումյան
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը