ԱՄՆ-ն փորձ է անում շիկացնել մթնոլորտը, ինչին Իրանը շատ հանգիստ է վերաբերում. Արմեն Իսրայելյան
ԱՄՆ-ը նախօրեին աջակցություն էր հայտնել Իրանի քաղաքացիներին, որոնք բողոքելու էին դուրս եկել հիջաբ կրելու կանանց պարտավորության դեմ։ Պետդեպարտամենտի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվել էր, որ Միացյալ նահանգները դատապարտում է այդ ցույցերի ընթացքում տեղի ունեցած 29 կալանավորումները և աջակցում է դավանանքի, ինքնարտահայտման ու խաղաղ ցույցերի իրավունքները։
Panorama.am-ի թղթակիցը երևույթի շուրջ զրուցեց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք իրանական կողմն ԱՄՆ նման դիրքորոշումը կարող է համարել իր ներքին գործերին միջամտելու փորձ։
Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ իրանցի կանանց՝ հիջաբ կրել-չկրելու հարցում միջամտությունն այն նվազագույն է, որը Վաշինգտոնը կարող է կիրառել Իրանի նկատմամբ։
«Այսինքն՝ սա այն հարցը չէ, որը կարող է մտահոգել Իրանին։ Կան շատ ավելի մեծ խնդիրներ՝ միջուկային, հրթիռային ծրագրերի համաձայնություն, Իրան-«Հզբոլլահ» հարաբերություններ և այլն»,- ասաց Արմեն Իսրայելյանը՝ հավելելով, որ Միացյալ նահնագները փորձ է անում շիկացնել մթնոլորտը, ինչին Իրանը շատ հանգիստ է վերաբերում։
Անդրադառնալով ցույցերի ընթացքում ձերբակալությունների թվաքանակին՝ իրանագետը նկատեց, որ արևմտյան լրատվամիջոցներն անհամեմատ մեծ թիվ են ներկայացնում՝ խիստ տարբեր այն թվերից, որոնք հրապարակել է իրանական կողմը։
«Հիջաբ կրելու բողոքը նոր չէ և կապ չունի վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ։ Երկու տարուց ավելի է՝ Իրանում հիջաբի ազատականացման նպատակով նմանօրնակ ակցիաներ են տեղի ունենում։ Դեռ 2-3 տարի առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում հանմապատասխան խումբ է ձևավորվել, որտեղ իրանցի կանայք, հիջաբները հանած, նկարվում են Թեհրանի այս կամ այն փողոցում և լուսանկարները հրապարակում այդ խմբում։ Սկզբնական շրջանում սա մեծ ոգևորություն էր առաջացնում, սակայն երևույթը համատարած բնույթ չկրեց»,- նշեց Արմեն Իսրայելյանը՝ ընդգծելով, որ անգամ Իրանի ուժային կառույցների արձագանքից կարելի է հասկանալ՝ նրանք առնաձնապես մտահոգված չեն նմանօրինակ ցույցերով, և այդ գործողությունները կառավարելի են դիտում։
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ նախօրեին Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հիջաբ կրելու դեմ բողոքի ցույցերը երեխայական արարքներ են, և որ Իրանի Սահմանադրությունը մերժում հիջաբի ազատականացումը։
«Հետաքրքիր է, որ բարեփոխական գործիչ, երկրի նախագահ Ռոհանիի շրջապատը ևս փորձում է ադեկվատ մոտեցում ցուցաբերել և հիջաբի վերահսկման համար պատասխանատու կառույցներին կոչ է անում հարցին խիստ չվերաբերվել։ Իհարկե, կարմիր գիծ կա, որից չպետք է անցնել, և դա ընդունում են նաև բարեփոխականները։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նախագահ Ռոհանիի պաշտոնավարման ընթացքում հիջաբի ազատականացման գործընթաց է սկսվել, որն անհամեմատելի է նախկին վարչակարգի դիրքորոշման հետ։ Նույն Ռոհանին էր, որ թույլատրեց երիտասարդներին օգտվել համացանցից։ Սա աննախադեպ երևույթ կարելի է համարել»,-հավելեց իրանագետը։
Արմեն Իսրայելյանը չբացառեց, որ ԱՄՆ-ի արձագանքը համընկնում է Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձի հետ, և ամերիկյան կողմը փորձում է նշանակալից այս ժամանակահատվածն օգտագործել ակցիաներ կազմակերպելու համար։
«Հիջաբ կրելու դեմ ցույցերի ընթացքում իրականում 1-2 ձերբակալված անձ կար, որոնք արդեն իսկ գրավի դիմաց ազատ են արձակել։ Բարեփոխականների իշխող թևից կոչ էր արվել խիստ չդատել նրանց»,- ամփոփեց իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցող 29 կնոջ են ձերբակալել
- Արդեն վաճառքում է սպորտային առաջին հիջաբը
- Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան թույլ է տվել խաղալ հիջաբով
- Իտալիայում մայրը սափրել է դստեր գլուխը հիջաբից հրաժարվելու համար
- Հիջաբով հաղորդավարուհի՝ կանադական հեռուսաընկերությունում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին