Մասնագետ. Հոգեսոցիալական աջակցության համար առավել հաճախ դիմում են կրծքագեղձի քաղցկեղ ունեցողները
«Հայաստանում տարեկան մոտ 8-10 հազար առաջնակի քաղցկեղով հիվանդներ են լինում»: «Մեդիա կենտրոն»-ում ընթացող քննարկման ժամանակ նման տվյալներ հրապարակեց ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան Լիանա Սաֆարյանը:
Մասնագետները պնդում են՝ քաղցկեղով հիվանդին անհրաժեշտ է հոգեսոցիալական ծառայություն: Բացի այն, որ ախտորոշումից հետո շատերը դեպրեսիա են ունենում, բուժման ընթացքում օգտագործած որոշ դեղեր կողմնակի ազդեցություն են ունենում նրանց հոգեկան առողջության վրա: Մի քանի մասնագետներ արտասահմանում վերապատրաստվել են, Հայաստանում ներդրել հոգեսոցիալական ծառայությունը:
«Ցանկալի է, որ բոլոր հիվանդները ստանան հոգեբանական աջակցություն: Հայաստանում շատ կլինիկաներ չունեն նման ծառայություն»,-ասաց Սաֆարյանը:
Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի տնօրեն Եվա Ասրիբաբայանը խոստովանում է, ծառայության ներդրման հետ միասին, իրենք էլ ինքնակրթվում են: Ամեն ինչ սկսվեց 2014-ին ԵՊՀ-ում, երբ նախաձեռնեցին հոգեուռուցքաբանության գաղափարի տարածումը:
«Երկու տարվա ընթացքում հասկացանք, որ ծառայությունը պահանջված է: Հիմնականում աշխատում ենք տարեցների հետ, լավ կլիներ, եթե ծառայությունը հասանելի լիներ շատերին»,-ասաց նա:
Քննարկման մյուս մասնակից Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային ինստիտուտ կլինիկական հոգեբան Աննա Բաղդասարյանի խոսքով, առավել շատ մարդիկ դիմում են այն ժամանակ, երբ առաջին անգամ իմանում են հիվանդության մասին:
«Մեկ տարվա ընթացքում ծառայությանը դիմել են հիմնականում այն մարդիկ, ովքեր կամ ախտորոշման, կամ նախավիրահատական , քիմիաթերապիայի փուլում են: Այս փուլում մեծ է անորոշությունը, տագնապաները մեծ են: Հիմնականում դիմում են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդները, հակապես երբ խոսքը վերաբերում է օրգանի հեռացմանը»,-ներկայացրեց նա:
Վարդուհի Սարգսյանը, ով վերապրել է քաղցկեղը, բուժման ընթացքում չի օգտվել նման ծառայությունից: Դրա համար նա շատ է ափսոսում, պնդում է, հիվանդից բացի նման աջակցության կարիք ունեն նաև նրա հարազատներն ու մտերիմները:
«Որպես այդ բոլոր փուլերով անցած մարդ, հասկացել եմ, թե ինչքան կարևոր է հոգեբանական աջակցությունը հատկապես քաղցկեղի ախտորոշման դեպքում: Նման ծառայությունը կարևոր է նաև հիվանդի հարազատների համար: Դեպրեսիան սկսում է խանգարել բուժմանը, շատ դեպքերում էլ պետք է լինում մտերիմներին «թափ տալ», որպեսզի չխանգարեն հիվանդի բուժմանը: Ես շատ եմ հանդիպել, խոսել քաղցկեղով հիվանդների հետ: Դրա ախտորոշումը մեծ մասի համար մահվան դատավճիռ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ը ողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Պաշտոնական տվյալներով երջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում։ Այսպես, եթե 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին` 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով:
2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 4%-ով ավելացել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող քաղցկեղով հիվանդների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարելավման հետ: Դրա մասին է վկայում նաև 2016թ. քաղցկեղից մահվան դեպքերի, նախորդ տարվա համեմատ, շուրջ 7%-ով նվազումը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում. ԱՆ
- Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջին սերնդի գերճշգրիտ ճառագայթային բուժման համալիր է ներդրվել
- Ա. Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-ում այսուհետ կգործի ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքը
- Նախագահը այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն
- Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը նվազել են, վահանաձև քաղցկեղի դեպքերը՝ աճել. Խաչանուշ Հակոբյան