Գումարներ հավաքագրելու այլ հնարավորություններ կան. Մանե Թանդիլյան
Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովրդի մեծամասնության կամքով պիտի իրականացվի կառավարումը: Փետրվարի 5-ին Երևանում «Ելք» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների կազմակերպված հանրահավաք-երթի ժամանակ այս մասին նշեց «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:
«Մեր խնդիրն է, որ որոշումներ կայացնողը՝ օրենսդիր մարմինը, տեսնի, թե որքան մարդ է ցանկանում, որ վերադառնա մինչև հունվարի 1-ը եղած վիճակը: Միայն ընտրությունից ընտրություն չէ, որ մենք մասնակցում ենք պետական կառավարմանը, մենք մշտապես իրավունք ունենք ազդելու որոշումների կայացման վրա, եթե մենք ընտրել ենք Ազգային ժողով, պատգամավորի օգտին քվեարկել ենք, միայն 5 տարի հետո չէ, որ հաշվետու է լինելու մեզ, այլ միշտ՝ որոշում կայացնելիս»,- ասաց նա:
Զեյնալյանը համացանցով երթին հետևողներին կոչ արեց դուրս գալ, մասնակցել երթին:
«Ելք»-ի պատգամավորներից Մանե Թանդիլյանը նշեց, որ թեպետ շատերը, անգամ հանրահավաքին մասնակցողներից, մտածում են՝ «մեկ է՝ ոչինչ չի փոխվելու», բայց պետք է գիտակցեն՝ փոխողը իրենք են, և իրենցից բացի ոչ ոք չի կարող իրողություն դարձնել փոփոխությունների օրակարգը:
«Մենք ասում ենք՝ նվազեցրեք հարկը, ասում են՝ բա թոշակը ինչո՞վ վճարենք. այսպիսի պոպուլիստական հայտարարությունների ներքո իրականում կան հնարավորություններ՝ հավաքագրել գումարներ, որոնք պետք է ծառայեն թոշակին, բայց դա այս եղանակը չէ: Նրանք կարող էին գույքահարկի մեխանիզմները վերանայել, որի արդյունքում իրական հարուստները կկարողանան գումարներ մուտքագրել պետբյուջե, կլուծվեր այդ խնդիրը»,- ասաց նա:
Թանդիլյանը նշեց՝ կան արտոնյալներ, և կան մարդիկ, ում ուսերին ծանրացած է հարկային բեռը:
«Ելք»-ի պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքով՝ խնդիրը միայն թանկացումները չեն, խնդիրն ավելի գլոբալ է, տնտեսությանն է վերաբերում, այդ տնտեսության ողջ մնալուն: Նա նշեց՝ տարբերակները, որ այլ երկրների դեպքում գործում են, Հայաստանի համար չեն կարող աշխատել:
«Մենք փակ սահմաններում ենք ապրում, այդ 5, 7, 9 տոկոսով ոչ աղքատության ցուցանիշը կիջնի, ոչ գործազրկության, այդ ամենը կատաստրոֆայի կվերածվի: Մեզ նոր բան է պետք հորինել, հրաշք է պետք հորինել, ինչպես Սինգապուրինը: Եթե ընդհանուր նայենք ու ասենք՝ տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, մենք աշխատում ու հարկ ենք մուծում, իրենք անընդհատ այդ «կով»-ից լրացուցիչ կաթ են ուզում ու հասցնելու են նրան, որ էդ կովը սատկի: Մենք ինչ ենք առաջարկում՝ գնել նոր կով, բյուջեի մուտքերն ավելացնել»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց՝ ելքերից մեկն էլ այն ոլորտներին ուշադրություն դարձնելն է, որոնց զարգացմանը չեն խոչընդոտում փակ սահմանները կամ հարևան, գործընկեր երկրների նկատմամբ պատժամիջոցները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան