Ալիևը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», յուրահատուկ ամիս է. Թևան Պողոսյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով այդ երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելն, ամենայն հավանականությամբ, ներքին խնդիրներով է պայմանավորված։ Ակնհայտ է, որ այս կարճ ժամանակահատվածում նրա հետագա պլանները խախտող հուժկու ընդդիմադիր որևէ միավոր չի կարող ձևավորվել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը։
«Նույնիսկ եթե պատկերացնեինք, որ այլ երկրներ կցանկանային սեփական ռեսուրսներով Ադրբեջանում ինչ-որ միջամտություն կատարել, ընդդիմադիր բևեռ ձևավորել, դրա համար ևս ժամանակ էր պետք»,- ասաց մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային ըստ նախատեսվածի՝ 2018-ի հոկտեմբերին, հնարավոր է՝ ընդդիմադիր միավորներ ձևավորելու փորձեր կատարվեին։ Խոսքը, մասնավորապես, արտասահմանում բնակվող, ֆինանսական որոշակի միջոցների տիրապետող ադրբեջանցիների մասին է, որոնք կարող էին փորձել երկրի ներսում ընդդիմադիր շարժում ձևավորել։
Թևան Պողոսյանի խոսքով, արտահերթ ընտրություններն ապրիլի 11-ին նշանակելով՝ Ալիևը փորձելու է նախընտրական պայքարի ընթացքում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն իր համար ներկայացնել որպես «հաղթական» իրադարձություն, քողարկել սեփական անհաջողությունները։
«Ալիևը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», յուրահատուկ ամիս է։ Նա փորձելու է ժամանակ շահել և իր մեսիջները ներկայացնել։ Նա մտածում է, որ թե անգամ ընդդիմադիր ուժերը խոսեն ապրիլյան պատերազմի մասին, ինքը կասի, որ այդ պատերազմում հաղթանակ է տարել։ Ամեն դեպքում, որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանում ընտրություններ տեղի չեն ունենում»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով՝ Իլհամ Ալիևը փորձում է ժամանակից առաջ ընկնել և սահուն կերպով անցում կատարել նախագահական կառավարման հերթական շրջափուլին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 17-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան