Հայկական գինիները ներկայացված են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ միջազգային ցուցահանդեսին
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-ից 9-ը Մոսկվայում անցկացվող սննդամթերքի, ըմպելիքների (ներառյալ ալկոհոլային խմիչքները) և դրանց հումքի ՊրոդԷքսպո 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում արդեն երկրորդ անգամ:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Գինու նվիրական երկիր Հայաստանն իր արտադրանքով բավականին մեծ պահանջարկ է վայելում ՌԴ շուկայում, որը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ առանձնահատուկ գինիների՝ Հիմնադրամը ընկերությունների հետ համատեղ նպատակ ունի առավել ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը ռուսաստանյան շուկայում: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն ու այցելուների հոսքը բավականին մեծ է:
Դրական և հեռանկարային գնահատելով ցուցահանդեսի մեկնարկը՝ գինեգործական ընկերություններն ակնկալում են համագործակցության նոր առաջարկներ և շահութաբեր պայմանագրեր:
Նախատեսված է գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելություն հայկական տաղավար:
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 2200 ընկերություններ ավելի քան 62 երկրներից: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 70.000 այցելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան