Կարտոֆիլագործները գյուղնախարարին առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրևային ոռոգման համակարգի ներդրման հարցում
«Կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է, այն եկամտաբեր է, ունենք այս գործում հմտացած արտադրողներ, և մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը», - այս մասին նշել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ այսօր կարտոֆիլագործների հետ հանդիպման ընթացքում:
ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են աշխատանքներ տեղական սերմնաբուծության զարգացման նպատակով: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կարտոֆիլի տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները կտևեն մի քանի տարի, որից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյոք հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել և արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով:
Կարտոֆիլագործներն առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրևային ոռոգման համակարգի ներդրման և նորագույն գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում` կարևորելով այդ երկու գործոնների ազդեցությունն արտադրանքի ինքնարժեքի ձևավորման մեջ:
Նախարարը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն կաթիլային համակարգի ներդրման սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի տնտեսավարողները ցածր տոկոսադրույքով վարկեր կարողանան ստանալ նաև այդ համակարգը ներդնելու համար: Բացի այդ նշվել է, որ կարող են ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերել պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել մեքենատրակտորային կայանի ծառայություններից, որը կստեղծվի առաջիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին