Ներկայումս ջրամբարների մոտ 25 տոկոսն է լցված, արդեն հետ ենք մնացել նախորդ տարվա ցուցանիշից. Արսեն Հարությունյան
2017 թվականը ծանր տարի էր, քանի որ սակավաջուր էր, գրեթե անձրևներ չեն եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով, թեև նախորդ տարվա ձմեռը ձնառատ էր, սակայն դրանից հետո անձրևներ չեն եղել, որ այդ ձյունը հալեցնեին և ուղարկեին դեպի ջրամբարներ:
«Անձրևներ չեղան, ինչի հետևանքով ձյան մի մասը գոլորշիացավ, մի մասն էլ ներծծվեց հողին: Տարին սկսեցինք ջրամբարներում մոտ 130 մլն խմ պակաս ջրով»,- նշեց Արսեն Հարությունյանը:
Այդուհանդերձ, ըստ նրա, 2017 թվականին Ջրային կոմիտեն ունեցել է բավական լավ ցուցանիշներ: Մասնավորապես, ջրառի ծավալն աճ է 28 տոկոսի չափով՝ կազմելով 585 մլն խմ (2016-ին` 454 մլն խմ), բացի այդ Ջրային կոմիտեի պատմության ընթացքում ռեկորդային է եղել նաև 2017 թվականին ջրօգտագործողներից հավաքագրված ջրի գումարը։
«Ոռոգվող հողատարածքներում ապօրինի ջրօգտագործման հայտնաբերման շնորհիվ մեծացել է նաև գրանցված ոռոգվող տարածքների մակերեսը: 2017 թ-ին սկզբին այն կազմում էր 88 540 հա, իսկ տարեվերջին հասել է 97 470 հա-ի, այսինքն՝ 8930 հա-ով ընդհանուր մակերեսն ավելացել է»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև 2018-ին, մասնավորապես՝ արդեն դիմել են Պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրոնների միջոցով ֆիքսվեն ոռոգվող հողամասերը:
Արսեն Հարությունյանը հայտնեց, որ 2018թ-ին կմեկնարկի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 50 միլիոն դոլար է: «Դրա արդյունքում ակնկալվում է 10500 հեկտարով ընդլայնել ոռոգելի տարածքները, վերականգնել 63 կմ մայր և երկրորդ կարգի ջրանցքներ, ինչպես նաև 277,4 կմ ներտնտեսային ցանց: Այդ ամենի արդյունքում կտնտեսվի 14,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահը:
Անդրադառնալով Արփա-Սևան թունելին՝ Արսեն Հարությունյանը նշեց, որ շինաշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2019 թ-ին: Նրա խոսքով՝ շինաշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի տարեկան Սևանա լիճ լցնել 200-250 մլն խմ ջուր. այս պահին տարեկան 100-110 մլն խմ ջուր է տեղափոխվում:
Հարցին, թե արդյոք այս տարի ևս Սևանից լրացուցիչ ջուր բաց կթողնեն՝ հաշվի առնելով այն, որ տարին ջրային պաշարների կուտակման առումով բարենպաստ չէ, Արսեն Հարությունյանը նշեց, որ այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, անխուսափելի կլինի Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը: Նա նաև նշեց, որ ցանկացած սցենարի դեպքում Սևանից 170 միլիոն խորանարդ ջուր բաց կթողնվի, իսկ հավելյալի մասին այս պահին դեռ վաղ է խոսել:
Արսեն Հարությունյնաը ասաց նաև, որ ներկայումս ջրամբարների մոտ 25 տոկոսն է լցված: «Այս տարի ջրամբարներում հավաքված ջուրը 75 միլիոն խորանարդ մետրով պակաս է նախորդ տարվա համեմատ: Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է լցված լիներ ջրամբարների 50 տոկոսը: Ռիսկը նրանում է, որ արդեն հետ ենք մնացել նախորդ տարվա ցուցանիշից: Եթե նախորդ տարիներին սարերում ձյուն կար ու գիտեինք, որ դա հալվելու է ու լցվի ջրամբարները, այս տարի սարերում ձյան պաշարն էլ քիչ է»,-նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին