Նախաձեռնող խումբ. Փետրվարի 7-ին փաստաբանները գործադուլ կանեն
Ճնշված փաստաբանը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովել: Դատական տուգանք կիրառելու կարգավորումների վերաբերյալ փոփոխությունները փաստաբաններից կազմված նախաձեռնող խմբին դրդել են գործադուլի: Նախաձեռնող խմբի կարծիքով, հրատապ կարգով հարցը քննարկումը կազմակերպելը խոսում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբանության նկատմամբ ակնհայտ արհամարհական և կանխակալ վերաբերմունքի մասին:
Այսօր խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբաններս, դատապարտում ենք ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ)՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու վարքագիծը, որը հարիր չէ իրավական պետության հիմնարար սկզբունքներին:
Փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ՝
- Նախագծում բացակայում է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը,
- ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը,
- կառավարությունը ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը:
Նման հրատապ եղանակով այս հարցի քննարկումը կազմակերպելը, երբ նույն նախագծերով 2019 թվականի հունվարի 1-ից պետք է դատական տուգանքի նորմերն ուժի մեջ մտնեն, վկայում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբանության նկատմամբ ակնհայտ արհամարհական և կանխակալ վերաբերմունքի մասին:
Առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների, փաստաբանների անկախությունը վտանգող նման դրույթների սահմանման փորձը կանխելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբաններս մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու 2018 թվականի փետրվարի 7-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Վստահ ենք, որ մեր վստահորդները գիտակցում են, որ այս պայքարն իրենց արդար դատաքննության իրավունքի համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովել:
Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից՝ Նախագծի և Նախագծին կցված մյուս օրենքների նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:
Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ամբողջ օրը:
Հ.Գ. 2018 թվականի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ փաստաբանների պալատի շենքում տեղի է ունենալու փաստաբանների հավաքը՝ Նախագծի վերաբերյալ գնահատականներ տալու և հետագա գործողությունների ծրագիրը հաստատելու համար»:
Նշենք, որ նախաձեռնող խմբում ընդգրկված են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը,
Կարեն Մեժլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը,
Սիմոն Բաբայանը, Արա Ղազարյանը, Մարինե Ֆարմանյանը, Մելանյա Առուստամյանըն ու ևս 13 փաստաբաններ:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Իրավունքը մղվել է երկրորդ պլան
- Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում խոսել է փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան