Օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ սկսում է օգտվել համացանցից
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, օրական ավելի քան 175,000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այն է՝ յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ մի երեխա։ Համացանցը այս երեխաներին մեծ հնարավորություններ է ընձեռում, բայց, միևնույն ժամանակ, վտանգում՝ հասանելի դարձնելով այնպիսի չարիքներ, ինչպիսիք են անպարկեշտ նյութերը, սեռական շահագործումն ու բռնությունը, կիբերբուլինգը և անձնական տվյալների ոչ տեղին կիրառումը։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
«Ամեն օր հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք են գործում համացանց՝ հանդիպելով նորանոր վտանգների, որոնք մենք մինչ այս ոչ միայն ճիշտ չենք գնահատել, այլև չենք մտածել չեզոքացնելու մասին», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy):
«Թեև կառավարություններն ու մասնավոր հատվածը որոշակի առաջընթաց են գրանցել համացանցի ամենամեծ վտանգների վերացման ուղղությամբ, քաղաքականությունների և մոտեցումների մշակման հարցում ավելի շատ ջանք պետք է գործադրվի՝ երեխաների կյանքը համացանցում ամբողջովին հասկանալու ու պաշտպանելու համար»։
Ինչպես նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «2017թ.-ի երեխաների իրավիճակն աշխարհում. երեխաները թվային դարում» հեղինակային զեկույցում, ողջ աշխարհում համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է, սակայն շատ քիչ ջանք է գործադրվում երեխաներին թվային աշխարհի վտանգներից պաշտպանելու համար, նրանց առցանց գործունեությունից ստեղծված տեղեկատվական հետքը պաշտպանելու համար և անվտանգ ու որակյալ առցանց բովանդակության հասանելիությունը բարելավելու համար:
Զեկույցում հստակորեն նշված է, որ թվային աշխարհում երեխաներին պաշտպանելու պարտավորությունը բոլորինն է՝ կառավարություններինը, ընտանիքներինը, դպրոցներինն ու այլ հաստատություններինը։ Բայց նաև նշված է, որ մասնավոր հատվածը, հատկապես տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, կարևոր և յուրահատուկ պարտավորություն ունեն թվային տեխնոլոգիաների՝ երեխաների վրա թողած ազդեցությունը ձևավորելու հարցում. պարտավորություն, որ մինչ այժմ լուրջ չի ընդունվել։ Մասնավոր հատվածի ուժն ու ազդեցությունը պետք է օգտագործվի, որպեսզի բարելավվեն ոլորտի տվյալների ու գաղտնիության էթիկական նորմերը, և ծավալվի այնպիսի գործունեություն, որ կպաշտպանի առցանց հարթակում գտնվող երեխաների շահերը։
«Վայրկյան է պահանջվում, որպեսզի աշխարհի մի անկյունում որևէ երեխա է սկսի իր թվային կյանքը, որը երեխայի լավագույն շահը հաշվի չառնող շատերի կողմից կարող է թիրախ դառնալ և հնարավորության դեպքում՝ շահագործվել», - ասել է Չանդին։ «Որքան ավելի շատ երեխա է սկսում օգտվել համացանցից, այնքան ավելի հրատապ է դառնում առցանց հարթակում նրանց անվտանգության ու ապահովության հարցը»։