Եթե այսպես շարունակվի, ապա անփուսափելի է Սևանից հավելյալ ջրի բացթողումը. Արսեն Հարությունյան
Ջրային պաշարների կուտակման առումով տարին բարենպաստ չէ, սակայն այս պահի դրությամբ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին որևէ խոսակցություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
«Եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, ապա անփուսափելի է Սևանից հավելյալ ջրի բացթողումը։ Իհարկե մենք հույս ունենք, որ անձրևներ կլինեն»,- նշեց Ջրպետկոմի նախագահը։ Նա նաև ասաց, որ Հիդրոմետ ծառայությունից հայտնել են՝ փետրվարի երկրորդ կեսին, մարտին լինելու է անձրևաշատ, ինչը, բնականաբար, թույլ կտա մեղմել իրավիճակը։
Արսեն Հարությունյանի խոսքերով՝ քանի որ տարին սակավաջուր է, Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա համեմատությամբ ջրի պակաս կա, ստեղծված իրավիճակը մեղմելու համար մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում։
Մասնավորապես, նախատեսվում է համայնքներում առկա խորքային հորերը վերականգնել, որպեսզի Արմավիրի մարզում ոռոգման խնդիր չլինի։ «Արդեն դիմել ենք ՀՀ կառավարություն, նախատեսվում է վերականգնել 14 չշահագործվող խորքային հորեր, ևս 23-ն էլ կհորատեն»,- ասաց Արսեն Հարությունյանը։
Բացի այդ, ըստ նրա, բանակցություններ են վարում ռուսական մի քանի ընկերությունների հետ, որպեսզի ձեռք բերվեն շարժական պոմպակայաններ։ Դրանք հնարավորություն կտան սակավաջրության ժամանակ ջուրը մեկ հատվածից տեղափոխել մեկ այլ հատված. «Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հողօգտագործողները կարողանան հողերը ոռոգել»։
Արսեն Հարությունյանը նշեց նաև, որ 2017 թ-ը ևս ծանր տարի էր, սակայն դժվարություններով հանդերձ կարողացել են գյուղացիներին ջուր հասցնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան