Ապօրինի անտառահատումների քրեական գործով 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամսնում են, որ հիշյալ քրեական գործի շրջանակներում ևս 2 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու համար:
Այսպես, նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի ծառահատումներ իրականացնելու թողտվության համար հիշյալ անտառտնտեսության պաշտոնատար անձինք՝ խմբով, նախնական համաձայնությամբ, 5 դրվագով ստացել են կաշառք:
Այս քրեական գործի շրջանակներում բացահայտվել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների կողմից խմբով` նախնական համաձայնությամբ անտառապետերից կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Նշված քրեական գործով քննության ներկա փուլում ընդհանուր առմամբ 13 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան