Եթե տուգանքներն ուժի մեջ մտնեն, փաստաբանը չի կարողանա վստահորդի շահերը պաշտպանել. Արա Զոհրաբյան
Փաստաբանների գործադուլը ծայրահեղ քայլ էր, որին նրանք ստիպված էին դիմել: Փետրվարի 7-ին կազմակերպված քննարկման ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ իրավաչափ է բարձրացվող հարցը՝ իսկ ինչու՞ հրաժարվել վստահորդին պաշտպանելուց: ՓՊ նախագահը ընդգծեց՝ իրենք ծայրահեղ քայլերը դիտում են իբրև կատարման ենթակա ամենավերջին քայլ, բայց փաստաբաններն այսօր գնացել են ծայրահեղ քայլի:
«Ի՞նչ ենք մենք դրանով անում: Հասկանում ենք, որ սա խնդիր է մեր մասնագիտական առաքելության համար, բայց հասկանում ենք նաև, որ եթե այս տուգանքները ուժի մեջ մտան, վաղը փաստաբանը չի կարողանալու իր վստահորդի շահերը պաշտպանել: Եթե վաղը հանդիպի դատավորի վատ տրամադրությանը ու վերաբերմունքին, ու դատավորն ասի՝ ես համարում եմ, որ դու իմ նկատմամբ անհարգալից արտահայտվեցիր, տուգանք կիրառի, եկեք երաշխավորված չասենք ՝ փաստաբանը որ տուգանքից հետո կարող է իր կեցվածքը փոխել»,- ասաց նա:
Հետևանքն, ըստ Զոհրաբյանի, կարող է լինել փաստաբանի զգուշավորությունը, որն էլ կարող է հանգեցնել պասիվության, դրանից էլ տուժելու է վստահորդը: «Ի վերջո, եթե փաստաբանը ոչ բարեխիղճ վերաբերմունք է դրսևորում, մենք ունենք դրա ատյանը, քննարկում ենք, հրապարակային ասում՝ հարգելի գործընկեր, ճիշտ չես վարվել»,- ասաց նա: Զոհրաբյանն ընդգծեց՝ իրենք դարձյալ կառուցողական են տրամադրված, այս նախագիծը քննարկվելու է հինգշաբթի: Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ, հանդիպելու են Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ, փորձելու են անել իրենցից կախված ամեն ինչ:
Զոհրաբյանը նշեց, որ ընդհանրապես, երբ որևէ օրինագիծ ներկայացվում է, նախատեսվում է նաև դրանց հիմնավորումները ներկայացնել, սակայն այս նախագծին կից փաստաթղթերում որևէ հիմնավորում, անգամ ակնարկ չկա, իրենք են փորձում կռահել: «Կարող ենք ենթադրել նաև, որ դա արվում է փաստաբաններին ճնշելու համար: ՓՊ-ն առաջարկ ներկայացրեց այդ փոփոխությունները հանելու, նման առաջարկ էր ներկայացրել նաև Գլխավոր դատախազությունը, սակայն Արդարադատության նախարարությունն առանց քննարկում կազմակերպելու Կառավարություն է ներկայացրել ամփոփաթերթը, նշել, որ չի ընդունում մեր փաստարկները»,- ասաց նա:
Զոհրաբյանը նաև վիճակագրական տվյալներ բերեց. 2016 թ. երբ քննվել էր մոտ 130 հազար քաղաքացիական գործ, միայն 4 փաստաբանի վերաբերյալ է սանկցիա կայացվել՝ Փաստաբանների պալատին դիմելու միջոցով, իսկ 2017-ին, երբ ավելի շատ գործեր են քննվել, միայն երկու դեպք է եղել, սա նշանակում է, որ նման փոփոխության անհրաժեշտություն չկա: Զոհրաբյանը նշեց, որ օրենքի նախագիծը, Սահմանադրական օրենքի համաձայն, ԱԺ-ում քննարկվում է երկու ընթերցմամբ, դրանից հետո՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո նոր դառնում պարտադիր ուժ ունեցող իրավական ակտ:
ՓՊ նախագահի խոսքով՝ խորհրդարանում քննարկվել է քաղաքացիական դատավարության օրենք-նախագիծը, որին կցված են եղել 8 նախագծեր՝ փոփոխություններ կատարելու մասին, այսինքն՝ 9 նախագծեր պարունակող փաթեթ: Դա առաջին ընթերցմամբ քվեարկվել և ընդունվել է, երկրորդ փուլում հայտնվել են նոր օրինագծեր, և եթե դրանք ընդունվեն, կստացվի, որ մեկ ընթերցմամբ են ընդունվել: «Մենք՝ փաստաբաններս, այն մարդիկ ենք, որ պաշտպանում ենք այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, և եթե մենք չենք կարողանալու պաշտպանել մեր օրինական շահերը և գոնե ակնկալել, որ մեր նկատմամբ պետական մարմինները պատշաճ վարքագիծ կդրսևորեն, ուրեմն շատ անելիք ունենք»,- ասաց նա:
Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց դիրքորոշմանը հավանություն են տվել նաև միջազգային գործընկերները: ՓՊ նախագահն ընդգծեց՝ դեռ հայտնի չէ՝ այս պայքարն ինչ արդյունք կտա, սակայն առկա միասնականությունը հուսադրող է, և կարծում են՝ հույս դնելով նաև պետական մարմինների ողջախոհության ու հեռատեսության վրա, կարող են հասնել փոխզիջման:
Հարակից հրապարակումներ`
- Արդարադատության նախարարությունն արձագանքում է Արա Զոհրաբյանի մեղադրանքին
- Նախաձեռնող խումբ. Փետրվարի 7-ին փաստաբանները գործադուլ կանեն
- Դատավարական առանձին օրենսգրքերում տուգանքների ներկայացման անհրաժեշտություն չկա. Արա Զոհրաբյան
- Ստորագրահավաքից կտրուկ միջոցների անցնելու ժամանակն է. Հայկ Ալումյան
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան