Թուրք գործիչ.«Հայերը Աֆրինում կռվում են թուրքական բանակի դեմ»
Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Սիրիայի հայերը և ասորիները Աֆրինում քրդական ուժերի կազմում կռվում են Թուրքիայի զինված ուժերի դեմ:
Էրմենիհաբեր-ի փոխանցմամբ, Գյուլբեյը, ներկայացնելով իր տվյալները, նշել է, որ քրդական ուժերի կազմում, (Գյոքսելը վերջիններին համարում է ահաբեկչական խմբավորումներ-խմբ), կռվում են 14 քրիստոնյա երիտասարդ, որոնցից 4 հայ է, 3-ը՝ ասորի: Գյոքսելի տվյալները մեջբերել է թուրքական «Antalyasonhaber» լրատվական կայքը:
Գյոքսելը հիշեցրել է, որ օրեր առաջ Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինի ռմբակոծության ժամանակ Ռոշեր Կոնիս անունով հայ էր զոհվել, որը ներկայացվել էր որպես խաղաղ բնակիչ: Հակահայ գործունեությամբ հայտնի Գյոքսելը պնդել է, որ հայ երիտասարդը ոչ թե խաղաղ բնակիչ, այլ քրդական զինված խմբերին միացած հայերից մեկն է եղել:
Նա կրկին Հայաստանին մեղադրել է ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելու մեջ, ինչպես նաև շարունակել է պնդել, որ Արցախում գործում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ռազմական ճամբար, որտեղ հատուկ պատրաստություն է անցնում 1750 զինյալ:
Ըստ նրա՝ սիրիական պատերազմի ժամանակ Հայաստանը Սիրիայում բնակվող հայերին և «եզդի քրդերին» տեղափոխել է Ղարաբաղ: Գյոքսելի խոսքերով այդ «եզդի քրդերը» Իրանով և Իրաքով սկսել են անցել Սիրիայի Քամիշլի շրջան, ապա Մանբիչ, իսկ հիմա Աֆրինում ԱՄՆ-ի մատակարարած զենքով կռվում են թուրքական բանակի դեմ: