KfW բանկի կողմից 5 մլն եվրո դրամաշնորհ կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը
KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում ընտրվել է նշված 3 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիում, որի հետ համատեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը կպատրաստեն գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները:
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու գործակցությունը գյուղատնտեսական մյուս ճյուղերում ևս: Կարեն Կարապետյանը, ներկայացնելով այս բնագավառում նախաձեռնված բարեփոխումները, նշել է, որ կառավարության նպատակն արդյունավետ, խելացի գյուղատնտեսություն ունենալն է, որի կարևոր բաղադրիչներից մեկն ապահովագրությունն է: Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ապահովագրական բիզնեսի ռիսկերի նվազեցման նպատակով այժմ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր:
Հայաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ գյուղապահովագրության ծրագիրը նորարարական է, հեռանկարային, և ԳԴՀ կառավարությունը պատրաստ է շարունակել օժանդակել ՀՀ կառավարությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար:
KfW-ի ներկայացուցիչ Մոնիկա Գյունթները ողջունել է ՀՀ կառավարության՝ գյուղոլորտում երկարաժամկետ, կայուն զարգացման ծրագրեր իրականացնելու քաղաքականությունը և նշել, որ Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը խորացնելու և երկարաժամկետ հեռանկարային նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում:
Փորձնական ծրագրի շրջանակում KfW բանկի կողմից տրամադրվելու է 5 մլն եվրո դրամաշնորհ և նույն չափով համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում