Տրետյակովյան պատկերասրահում կցուցադրվեն հայ քանդակագործի աշխատանքները
Առաջին անգամ Տրետյակովյան պատկերասրահում մարտի 2-ից ապրիլի 22-ը կգործի քանդակագործ Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված քանդակագործի 100-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Պատկերասրահի կայքէջը:
Զանգվածային ցուցադրությունը թույլ կտա գնահատել Նիկողոսյան-քանդակագործի, ինչպես նաև գեղանկարչի վարպետությունը: Վերջինս իբրև գեղանկարիչ լայն հանրությանն այնքան էլ հայտնի չէ: Ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ այս ծավալով կներկայացվեն նրա գեղարվեստական գործերը՝ դիմանկարներ, ինքնանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ՝ վարպետի ընտանիքի հավաքածուից 60 կտավ:
Բացի այդ, ներկայացված կլինեն 10 գրաֆիկական թերթիկ, ինչպես նաև Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդից և քանդակագործի ընտանեկան հավաքածուից 63 ստեղծագործություն: