Արցախի ԱԳՆ խոսնակ. Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում
«Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ֆրանսիայի հասարակության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ Ֆրանսիային պարտադրել իր կասկածելի ստանդարտները, որոնք հակասում են ժողովրդավարական նորմերին»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը` մեկնաբանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը: Վերջինը դատապարտում է Ադրբեջանի կոչը Ֆրանսիայի իշխանություններին՝ թույլ չտալ Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։
Ա. Սարգսյանն ընդգծեց` ակնհայտ է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում։
«Բավական է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսում՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, քաղաքական շրջանակների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց կառավարություններին ուղղված կոչերով՝ ուղիղ շփումներ հաստատել Արցախի իշխանությունների հետ։ Համոզված ենք, որ հակամարտությունը չի կարող որպես պատրվակ ծառայել՝ հրաժարվելու ուղղակի կապեր հաստատել Արցախի իշխանությունների հետ։ Հակառակը, Արցախի ներգրավումը միջազգային գործընթացներին նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասաց Արցախի ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում այդ երկրի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կոչ էր արել, որ Ֆրանսիայի իշխանություններն այդ երկրի տարածք թույլ չտան մուտք գործել «ղարաբաղցի անջատողականներին»:
Երեկ հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը: Այն կոչ է անում Ֆրանսիային բաց, ուղիղ և կառուցողական երկխոսություն սկսել Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ։
«Արցախի ֆրանսիացի բարեկամները համոզմունք են հայտնում, որ ոչինչ չպետք է խոչընդոտի Ֆրանսիայի և Արցախի միջև կապերի հաստատմանը։ Այս առումով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի փորձերը՝ միջամտել Ֆրանսիայի հյուպատոսական գործունեությանը, ինչպես նաև ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա՝ Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:
Մինչ այդ` հունվարի 17-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնեն ներկայացրել է «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։
«Միացյալ Նահանագները պետք է աջակցեն ազատ երկխոսությանն ամբողջ աշխարհում: Արցախն ունի հաջողված ժողովրդավար կառավարություն, և ոչինչ չպետք է խանգարի ԱՄՆ-ին այլ երկրների հետ համագործակցելու համար: Իմ` արցախ կատարած այցի ընթացքում ես տեսա մեծ հաջողություններ, որոնց այդ երկիրը հասել է վերջին տարիներին»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին