Սոցփաթեթի ծառայությունների ներքո մենք ունենք վիրաբուժական ծառայությունների կտրուկ աճ. Ալթունյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց սոցփաթեթի շրջանակներում ներդրված բուժծառայության ապահովագրական սկզբունքից։
«2017 թվականի հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շրջանակներում ներդրվեց բուժծառայության ապահովագրական սկզբունքը։ Սա մեր երկրում առաջին փորձն է, մասնավոր ապահովագրությունը չհաշված, երբ քաղաքացիները մասնակցում են առողջապահական ապահովագրությանը ոչ իրենց նախաձեռնությամբ։ Այսինքն՝ սա կարելի է դիտարկել որպես պիլոտ։ Չորս ամիս է անցել, այնուամենայնիվ, ի՞նչ հարց լուծեց սա, ի՞նչ հարցերի առնչվեցինք, և արդյոք սա հիմք է տալիս լավատեսության ապագայում առողջապահական ապահովագրական համակարգը ներդնելու վերաբերյալ»,- հարցրեց պատգամավորը։
Լևոն Ալթունյանն ասաց, որ անցած ամիսների ընթացքում մոտ 96 հազար ապահովագրվածներից ծառայություններ են մատուցվել 38 հազար քաղաքացու։
«Պետք է ասել, որ վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ սոցիալական փաթեթի ծառայություններ մատուցելու ներքո մենք ունենք վիրաբուժական ծառայությունների կտրուկ աճ։ Այսօր մոտ 96 տոկոս ծառայությունները վիրաբուժական միջամտություններ են, այնինչ նախկինում այս խավը ստացել է մոտ 60 տոկոս վիրահատություններ, մնացածը ձևակերպվել է որպես թերապևտիկ ծառայություններ։ Սա խոսում է նրա մասին, որ օգնությունն ավելի հասցեական է և արդյունավետ»։
Արման Սաղաթելյանն արձագանքեց. «Ընդհանուր լուսաբանման տեսանկյունից լայն և հանրային իրազեկում չի եղել։ Գուցե այդ նախագիծն առանձին ինչ-որ ձևով ներկայացվի՞ հանրությանը, դրա առավելություններն ու լուծած հարցերը, եթե ապագայում միտված ենք գնալ այդ ճանապարհով»։
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարությունը կայացած է համարում սոցփաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը
- Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունն իրականացվում է նոր կագով
- Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից