Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին. Իվետա Տոնոյան
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ինչ վերաբերում է հարցին՝ պարոն Ծառուկյանը մասնակցելո՞ւ է այդ հանդիպմանը, բոլորին կհորդորեմ թույլ տալ, որպեսզի ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպմանը և ինչ ձևաչափով է հանդիպումը տեղի ունենալու: Հանդիպմանը մասնակցելու են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ: Բազմաթիվ են հարցերը, որոնք նրանց հուզում են՝ կապված Սահմանադրությամբ ամրագրված նախագահի թեկնածուի գործունեության ոլորտների հետ»,- նշեց պատգամավորը:
Տոնոյանի խոսքով, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից որևէ մեկը կաշկանդված չէ իրեն հուզող բազմաթիվ հարցեր ուղղելու ՀՀ նախագահի թեկնածուին և ստանալու սպառիչ պատասխաններ:
«Մենք օրեր առաջ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում ենք ունեցել: Ի թիվս այլ հարցերի, այո, քննարկվել է Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը: Պատգամավորները հանդես են եկել իրենց գնահատականներով, բայց խմբակցության ավելի առարկայական դիրքորոշումը կներկայացնենք արդեն նախագահի թեկնածուի հետ հանդիպունից հետո»,- ասաց Տոնոյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ վարչապետի հարցին անդրադարձ չի կատարվել:
Իսկ ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցի Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, հետաքրքրվեցին լրագրողները: Իվետա Տոնոյանը շեշտեց՝ որևէ նման քննարկում տեղի չի ունեցել, դա իրենց քաղաքական որոշումն է;
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արմեն Սարգսյանն առաջիկայում կհանդիպի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հետ
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպման կոնկրետ օր և ժամկետ դեռևս նախանշված չէ. Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան