ՍԱՊԾ. Դիտարկումներ կանցկացեն կաթնամթերք արտադրող բոլոր ընկերություններիում
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կկատարի անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Այս պարագայում՝ դիտարկումներ կիրականացվեն կաթնամթերք արտադրող բոլոր ընկերություններում: Panorama.am-ին հայտնեցին ծառայությունից` արձագանքելով թթվասերի շուկայում հայտնաբերած խախտումներին:
Հիշեցնենք, որ «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակման համաձայն՝ սեփական նախաձեռնությամբ լաբորատոր փորձաքննության ենթարկված տեղական տասը ընկերությունների արտադրած թթվասերներից յոթի մեջ արձանագրվել են անհամապատասխանություններ ու խախտումներ («Չանախ», «Արզնի Կաթ», «Էջմիածին կաթ», «Աշտարակ Կաթ», «Բոնիլատ», «Մարիաննա», «Թամարա»):
Ծառայությունից հավելում են, որ կաթնամթերք արտադրող խոշոր ընկերություններն ընդգրկված են նաև ՍԱՊԾ ստուգումների տարեկան ծրագրում:
Ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում կաթնամթերքի շուկայում իրականացրած ստուգումներն ու դրանց արդյունքները, ծառայությունից հայտնեցին, որ իրականացվել է 66 ստուգում և 14 դիտարկում, որի արդյունքում հայտնաբերել է մի շարք խախտումներ մի քանի տասնյակ անհատ ձեռներեցների ու ընկերությունների մոտ: Խախտում թույլ տված ընկերություններից են Միլեռոն ՍՊԸ, Բևեռային ոճ ՍՊԸ, Հայրենաց Բարիքներ ՍՊԸ, Ոսկե Պինգվին ՍՊԸ, Բիոկաթ ՍՊԸ, Դուստր Մարիաննա ՍՊԸ, Վարդան ՈսկանյանԱ/Ձ, Ոսկե Բերկուտ ՍՊԸ, Յունո Ջելաթի ՍՊԸ, Միլլկաթ ՍՊԸ, Էլիտ Շանթ ՍՊԸ, , Մեծն Սասուն ՍՊԸ, Թամարա ՍՊԸ, Թամարա և Անի ՍՊԸ, Արզնու Տոհմային ԹՏԽ ԲԲԸ, Իգիթ ՍՊԸ և այլն:
Դիտարկումների ու ստուգումների արդյունքում արձանագրվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք:
Խախտումների հիմքով կայացվել է արտադրական գործունությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում: Տրվել են հանձնարարականներ, հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյան. Թթվասերի շուկայում մեկ տարի անց նույն խախտումներն են
- Խախտումներ են հայտնաբերել խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում
- Կաթնամթերքի շուկայում հայտնաբերած խախտումների հետքերով. Ի՞նչ է արվում
- Անհատ ձեռնարկատիրոջն արգելվել է «Լոռի» պանրի, թթվասերի և մածունի արտադրությունը